News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Microsoft-ի տնօրենների խորհուրդը 2020 թվականին որոշում է կայացրել, որ Բիլ Գեյթսը պետք է հեռանա կառավարումից՝ կորպորացիայի աշխատակցուհու հետ հարաբերությունների պատճառով, ինչը անպարկեշտ է համարվել, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գեյթսը Microsoft-ից հեռացել է 2020 թվականի մարտին՝ գլխավոր տնօրեն վերընտրվելուց երեք ամիս անց:

Ըստ աղբյուրների՝ 2019 թվականին կորպորացիան դիմել էր իրավաբանական գրասենյակ՝ Գեյթսի հարաբերությունները հետաքննելու համար։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ աշխատակցուհուց նամակ էին ստացել, որտեղ նա պնդում էր, որ ինքը եւ Գեյթսը մի քանի տարի սեռական կապի մեջ են եղել:

Հետաքննության ընթացքում խորհրդի որոշ անդամներ որոշել են, որ Գեյթսն այլեւս չպետք է զբաղեցնի իր հիմնադրած ընկերության ղեկավարի պաշտոնը: Խորհրդի անդամները անհանգստացած էին, որ Գեյթսի հարաբերություններն այդ կնոջ հետ անպատեհ են եղել, եւ իրենք չեն ցանկանում, որ ղեկավարը նման իրավիճակում ներքաշված անձ լինի՝ կապված MeToo աղմկահարույց շարժման հետ:

Գեյթսը հրաժարական է տվել մինչ տնօրենների խորհուրդը կավարտեր հետաքննությունը, հայտնում է աղբյուրը:

Իր հերթին, Գեյթսի ներկայացուցիչը հայտնել է, որ կառավարման խորհուրդը լքելու իր որոշումը ոչ մի կապ չունի այս իրադարձությունների հետ, քանի որ նա մի քանի տարի առաջ էր հայտարարել, որ կցանկանար ավելի շատ զբաղվել իր բարեգործական ծրագրերով: Սակայն նա հաստատել է, որ Գեյթսն իսկապես հարաբերություններ է ունեցել «գրեթե 20 տարի առաջ», որոնք «խաղաղ» են ավարտվել:

Նշվում է, որ Microsoft-ի հետ բանակցությունների ընթացքում աշխատակցուհին խնդրել է Գեյթսի կնոջը կարդալ իր նամակը: Արդյոք Մելինդա Գեյթսը ծանոթացել է նամակին, թե ոչ, հայտնի չէ, գրում է պարբերականը:

Ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Գեյթսն ամուսնական կյանքի ընթացքում քանի անգամ փորձել է վաստակել Microsoft-ում եւ բարեգործական հիմնադրամում աշխատող կանանց բարեհաճությունը:

Ավելի վաղ Բիլ եւ Մելինդա Գեյթսերը հայտարարել էին ամուսնալուծվելու որոշման մասին: Նրանք հայտարարել էին, որ 27 տարվա ընթացքում դաստիարակել են երեք հիանալի երեխաների եւ բարեգործական հիմնադրամ են ստեղծել, որը գործում է ամբողջ աշխարհում: Զույգը ծանոթացել էր 1987 թվականին, երբ Մելինդան միացել էր Microsoft-ին: Նրանք ամուսնացել են 1994 թվականին Հավայան կղզիներում: Գեյթսը հինգ ամենահարուստ գործարարներից մեկն է, նրա ընտանիքի կարողությունը 130 միլիարդ դոլար է գնահատվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ