News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Սյունիքի և Գեղարքունիքի ռազմավարական բարձունքների հանձնումը թշնամուն  կարծեք թե բացարձակ չի մտահոգում ՀՀ իշխանություններին. նրանցից ոմանք հայտարարում են, թե «դա ընդամենը մեկ բլուր է», ոմանք հավաստում են, թե «թշնամին պարզապես մոլորվել է, և որևէ խնդիր չկա», պաշտպանության նախարարն էլ իր հերթին ձայնակցում է, թե ամեն ինչ ընթանում է իր հունով։ Այս մասին հայտարարություն է տարածել  «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հարց է ծագում՝ ո՞րն է այդ հունը, հատկապես երբ այն անշեղորեն տանում է դեպի Հայաստանի անկախ պետականության կործանում։

Ուշագրավ է նաև այն, որ երկրի փոխվարչապետը հայտարարում է, թե մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին։

Որո՞նք են այդպիսի զարգացումների հավանական սցենարները՝ պատերա՞զմ, հերթական ստորացուցիչ պայմանագի՞ր, թե՞ ընտրությունների չեղարկում։

Անշուշտ  լավ է, որ թշնամու մայիսյան քայլերթի ժամանակ մենք զոհ չենք ունեցել, սակայն ուժի և իրավունքի պարտադրանքով նրան գուցե հասկացնեի՞նք, որ ապօրինի են հատել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Ապօրինի սահմանահատումն, այո, մեր օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է, բայց պարտավոր ենք նայել նաև մեդալի հակառակ կողմը։ Եթե չես կանգնեցնում քեզ ընդառաջ եկող թշնամուն, նշանակում է այդպիսի հրամա՞ն ունես։ Մի՞թե մեր իշխանությունների, մասնավորապես Գլխավոր շտաբի պատասխանատուների գործողությունները կամ, ավելի ճիշտ, ակնհայտ անգործությունը չեն պարունակում բացահայտ հանցագործության հատկանիշներ։ Տպավորություն է, թե թշնամին պիտի ամեն օր առաջ գա, իսկ մենք հուսահատ բանակցենք։

Վերջապես հարկ է գիտակցել, որ անհնար է բանակցել նրա հետ, ով եկել է քեզ սպանելու և այդ հնարավոր կատարվելիք փաստից  չի փրկի անգամ վարչապետի հերթական խոստովանությունն ու դրան իսկույն ևեթ հետևող բացառումը՝ թիվ մեկ  պատասխանատուն ե՛ս եմ, սակայն թիվ մեկ մեղավորը ես ե՞մ։

Մեր անպատասխանատվությունը զավեշտալի զարգացումներ է արձանագրում։ Բավական չէ, որ ինքներս չենք կանխել թշնամու ներխուժումը երկիր, մի բան էլ մուննաթով են վերաբերվում ռազմավարական դաշնակցին՝ նրա վրա կոտրելով մեր անգործությունը՝ այդպես էլ չունենալով տարրական ընկալումը նրա, որ տունդ առաջնահերթությամբ ինքդ պիտի պաշտպանես։ 

Զավեշտի մեկ այլ դրսևորում։ Ներկա օրհասական իրավիճակում ոմանք կոչ են անում համախմբվել իշխանությունների շուրջ։ Հարց՝ 

-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր տանուլ են տվել պատերազմն ու դեռ իշխանության ղեկի՞ն են,

-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր ատում են Արցախն իր «դժգույն ու դժբախտ» դարձած Շուշի քաղաքո՞վ,

-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր չեն հարգում Հայ առաքելական եկեղեցին, քարոզում են Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները, հարվածի տակ են առել հայ ընտանիքը, քանդել ու քանդում են ուժային կառույցնե՞րը․․․․

Կարելի՞ է արդյոք վստահել մարդկանց, ովքեր սեփական աթոռի նկատմամբ ունեցած պաշտամունքից այն կողմ արժեհամակարգ չունեն,  երկիրը վերածել  են մանրադրամի,

-կարելի՞ է արդյոք է վստահել մարդկանց, որոնց հրաժարականն են պահանջում երկրի բարձրագույն զինվորականությունը, չորս նախագահները, երկու կաթողիկոսները, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական ընդդիմությունը,  հեղինակավոր այլ կառույցներ ու անձինք։ 

Մի բան է ակնհայտ։ Եթե ներկա իշխանությունները հեռանային ավելի վաղ, քան ընտրություններն են, չէինք ունենա Սյունիքի և Գեղարքունիքի բարձունքների թշնամու  կողմից բռնազավթման դեպքերը, իսկ քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել, ձևավորվում է համոզմունք, որ նրանք դեռ ունեն հստակ ծրագրված նոր անելիքներ, որոնք հանգեցնելու են նորանոր կորուստների։ Էլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու։ Մնում է հայտնի ֆիլմի հերոսի  պես պահանջել հրապարակել ողջ ցանկը։

Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը աչալրջորեն շարունակելու է հետևել ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակին,  բարձրաձայնելու է իշխանության անգործության և դրա պետականակործան հետևանքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ