News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին հակառակորդի առաջխաղացմամբ պայմանավորված լարված դրությունը մասամբ լիցքաթափվել է։ Ընդդիմությունը պնդում է, թե ադրբեջանցիները լիարժեք հետ չեն քաշվում ելման դիրքեր, իշխանությունն էլ ֆեյսբուքյան արշավով ընդդիմադիրներին որակում է ներքին թշնամի, մասնավորապես Հրանտ Բագրատյանին, Նաիրա Զոհրաբյանին, Վահե Հակոբյանին մեղադրում է թիկունքից հարվածելու համար։ Հայաստան-Ադրբեջան սահմանին բանակցություններին մասնակցել է, որոշ աղբյուրներով՝ ղեկավարել է Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։  Սյունիքի Վերին Ակներ գյուղի համայնքապետ Սպարտակ Մինասյանը NEWS.am-ին հայտնել է, որ բանակցություններն ավարտվել են, ադրբեջանցիները պետք է նահանջեն: «Հետո դիրքեր պետք է դնեն: Բայց դիրքերը մեր բնակավայրերին մոտ չեն լինելու»,- ասել է նա: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանցիների՝ թիկունքային ապահովման փորձերը մեր ստորաբաժանումները կասեցրել են։

Որոշ ընդդիմադիրների անվտանգության խորհրդի հերթական նիստում վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է որպես Հայաստանում Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ. «Այդ մարդիկ էին 2020-ին Ադրբեջանի նախագահին հրավիրում  հարձակվել Հայաստանի վրա, այս դեպքերից առաջ ցույց էին տալիս այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստան, հիմա էլ հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր», ասել է նա: Փաշինյանը պնդել է, որ Հայաստանը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու, իսկ սահմանին ստեղծված վիճակը պետք է հաղթահարել քաղաքական ճանապարհով։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան մշտական կապի մեջ է Բաքվի եւ Երեւանի հետ, ջանքեր է գործադրում սահմանային լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ։ «Վլադիմիր Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների իրագործման անայլընտրանք տարբերակի կողմնակից է», ասել  է Պեսկովը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ինքը օգնության, նաեւ ռազմական օգնության խնդրանքով նամակ է գրել Պուտինին:

Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանազատման հարցում: «Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա։ Վերջին դեպքից հետո Ադրբեջանը հայտարարություններ է արել՝ կատարվածը բացատրելով թյուրիմացությամբ եւ, որ ամենակարեւորն է, սահմանի բացակայությամբ, որը կսահմանազատվի եւ կսահմանագծվի: Այնտեղ դրանով ոչ ոք չի զբաղվել: Մենք կողմերին առաջարկել ենք սկսել այդ աշխատանքը,  պատրաստ ենք աջակցել այս հարցում` եւ քարտեզագրական նյութեր, եւ խորհրդատվական ծառայություններ տրամադրելով»,- ասել է նա: Հայաստանից օգնության խնդրանքի եւ դրան Կրեմլի արձագանքի մասին ռուսաստանցի պաշտոնյաները որոշակի ոչինչ չեն ասել։

Հանգստյան օրերին պարզ դարձավ, որ առաջիկա ընտրություններում պայքարի մեջ կմտնեն նորագույն պատմության անկախ Հայաստանի բոլոր 4 առաջնորդները, ընդ որում, Սերժ Սարգսյանը միակն է, որ պայքարին մասնակցելով՝ չի առաջադրվում։ Շաբաթ օրը Հանրապետական կուսակցությունը նախընտրական դաշինք է ձեւավորել «Հայրենիք» կուսակցության հետ։ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրումից առաջ  3-րդ նախագահը հայտարարել է, որ չեն կարող և բարոյական իրավունք չունեն մի կողմ քաշվել և անտարբեր հետևել պետության կործանմանը։ Նա դարձյալ շեշտել է, որ ավարտել է որեւէ պաշտոնում պետությանը ծառայելու իր առաքելությունը։ Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանը ժամանակին է զգացել վտանգները, գիտակցել նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը, կանգ է առել և կոչ արել մյուսներին: «Ավաղ, նրան չեն լսել», ասել է նա:

Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ։

«Մենք պետք է լավ հասկանանք, որ կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առջև։ Մենք համերաշխություն ենք բերելու Հայաստանին, և մեր դաշինքի ձևավորումն այս խոսքերի վառ ապացույցն է»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Հայ ազգային կոնգրեսի համագումարում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին վերջին 23 տարիների ընթացքում արկածախնդիր ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով»։ Եթե  գիտակցում էի դեպքերի այսպիսի ընթացքը, ինչո՞ւ չդիմեցի ժողովրդին եւ նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից, հարցրել է Տեր-Պետրոսյանը եւ պատասխանել, որ իր հրաժարականին նախորդող օրերին ուժային կառույցներից աջակցության առաջարկները մերժել է քաղաքացիական պատերազմից խուսափելու համար։

Առաջին նախագահը խոստովանել է, որ դաշինք առաջարկելով 2-րդ եւ 3-րդ նախագահներին, ցանկացել է ոչ միայն խափանել Փաշինյանի վերարտադրությունը, այլեւ բացառել Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը։ Իրեն մերժելով, ըստ նախկին նախագահի, Քոչարյանն առաջնորդվել է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով: Տեր-Պետրոսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն իշխանության չի ձգտում, պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ եւ այն, թեկուզ փոքրիկ խմբով, ներկայացված տեսնել Ազգային ժողովում: «Սա, թեեւ մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որեւէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ», նշել է առաջին նախագահը։

Տեր-Պետրոսյանը համագումարին առաջարկել է ընտրություններին մասնակցության հարցը պատվիրակել ՀԱԿ վարչությանը, ապա հորդորել իր հաջորդ ասածին չարձագանքել ավելի ուժգին ծափերով, որպեսզի դահլիճը չփլվի։ 

Ի դեպ, վարչության կազմում ընտրվել է ներքին գործերի նախկին նախարար եւ Երեւանի նախկին քաղաքապետ, ավելի քան 20 տարի հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համարում է, որ պարտության եւ երկրի աղետալի վիճակի գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Նրա կարծիքով՝  Փաշինյանն ամբողջ աշխարհն իր դեմ հանեց բանակցությունները պայթեցնող «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ, հրաժարվեց շարունակել բանակցությունները Մինսկի խմբում ձևաչափով և կուլ տալով հուլիսյան դեպքերի հմտորեն մատուցված խայծը՝ Ալիևի ձեռքերն արձակեց վաղուց նախապատրաստված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի սանձազերծման համար: Զուրաբյանի խոսքով` Փաշինյանը, խելագարի համառությամբ անտեսելով ադրբեջանաթուրքական ռազմական մեքենայի տեխնոլոգիական առավելությունը, մերժել է արժանապատիվ խաղաղության պլանը՝ Արցախը գլորելով դեպի կործանարար պարտության անդունդը։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման որեւէ ծառայության համար այլեւս որեւէ տուրք չեն վճարելու կենսաթոշակառուները, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, անապահովության գնահատման համակարգում ներառված անձինք եւ ռազմական  գործողությունների մասնակիցները, զոհվածների ընտանիքների անդամները: Ըստ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայություններից յուրաքնաչյուր տեղեկանքի համար 2 հազար դրամի տուրքը հանվել է, ամուսնության գրանցման համար պետական տուրք այլեւս չի գանձվի:

Նախկինում երեխայի ծնունդը գրանցելու համար քաղաքացին անցնում էր բյուրոկրատական շղթայով, հիմա 200 հազար դրամ միանվագ գումարը կարելի է ստանալ հենց հիվանդանոցում։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 67 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 220927 է: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 5393 է

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.57 դրամով,  կազմել է 521.91 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.76 դրամով ու հասել  634.43 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.49 դրամով ու հասել 736.10 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝  7.06 դրամ՝ 1 ռուբլու դիմաց:

Մայիսի 18-ի գիշերը և կեսօրից հետո երկրի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում սպասվում է 14-ից 16, վաղը ցերեկը 28-ից 30 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ