News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Քվեմո-Քարթլի շրջանում տեղի են ունեցել զանգվածային ազգամիջյան բախումներ: Վրաստանի իշխանությունները ստիպված էին հատուկջոկատայիններ կանչել:

Նովոստի-Գրուզիայի հաղորդմամբ՝ երեկվանից շարունակվում են զանգվածային ծեծկռտուքները տեղաբնակների՝ էթնիկ ադրբեջանցիների եւ վրացիների՝ էկո-միգրանտների միջեւ, որոնց բնակեցրել են այդ շրջանում լեռնային Սվանեթիայից 80-ական թվականներին:

Տեղաբնակների միջեւ ծեծկռտուքը տեղի է ունեցել մայիսի 16-ի երեկոյան: Խանութի սեփականատիրոջ (ադրբեջանցիներ) խոսքով՝ վեճը սկսվել է, երբ մի քանի երիտասարդ (սվաններ) պահանջել են պարտքով գարեջուր տալ եւ մերժվել: Խանութի վաճառողը հայտարարել էր, որ երիտասարդները սկսել են ծեծել նրա աներոջը, այնուհետեւ վերադարձել են մի խումբ երիտասարդների հետ մահակներով եւ քարերով:

Դմանիսիում ամբողջ օրը տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ. քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ մահակներով, երկաթյա ձողերով զինված: Տեղի ոստիկանության ներկայացուցիչները մինչեւ օրվա կեսերն ապարդյուն փորձել են իրավիճակը հսկողության տակ առնել. ակցիայի մասնակիցները հարձակվել են նաեւ ոստիկանների վրա, քարեր են նետել նրանց ուղղությամբ:

Այսօր առավոտյան ոստիկանությունը փակել է Դմանիսիի ելքերն ու մուտքերը, եւ չի թողել շրջան մուտք գործել տասնյակ քաղաքացիներին, որոնք ժամանել էին, իրենց պնդմամբ, ազգականներին օգնություն ցուցաբերելու համար: ՆԳՆ-ն նաեւ Դմանիսի էր ուղարկել լրացուցիչ ոստիկանական ուժեր: Բերման է ենթարկվել ակցիայի մի քանի մասնակից, տեղի ոստիկանության պաշտոնյաները հայտարարել են, որ հետաքննում են իրադարձությունների մասնակիցներին. նրանցից ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել:

Ցերեկը Դմանիսի էր ժամանել պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլին եւ ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին:

ՊԱԾ ղեկավարը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի կենցաղային հողի վրա վեճը վերածվի էթնիկ հակամարտության:

«Եղավ համապատասխան արձագանք: Անմիջապես հետաքննություն սկսվեց, եւ մի քանի մարդ ձերբակալվեց: Ոստիկանությունն արեց ամեն բան, ինչ կարող էր: Հետաքննության շրջանակներում ձեռնարկվել են բոլոր միջոցառումները՝ ներառյալ ձերբակալությունները: Եթե ինչ-որ մեկը փորձի կենցաղային բնույթի կոնֆլիկտը վերածել էթնիկական խնդրի, խստորեն կպատժվի. մենք դա թույլ չենք տա: Նման անպատասխանատու հայտարարություններ հաճախ են արվում: Վտանգը միշտ առկա է, սակայն այժմ այն  նվազագույնի է հասցված», - ասել է Լիլուաշվիլին: 

ՆԳՆ ղեկավարը նաեւ հայտնել է, որ հետաքննությունն արդեն սկսված է, եւ բոլոր մեղավորները խստագույնս պատժվելու են: «Այս հարցը չպետք է վերաճի ազգամիջյան վեճի», - ասել է Գոմելաուրին:

«Անկախ նրանից, թե ովքեր են այդ մարդիկ, պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Չեմ ցանկանում նշել որեւէ ուժի կամ խմբի, ինչպես նաև էթնիկ հակամարտության վերածման որևէ թեմա: Էթնիկ ադրբեջանցիները կամ վրացիները, բոլոր մեր քաղաքացիներն են, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի, և մեր եղբայրներն են: Մենք նման բան թույլ չենք տա, այս թեման չպետք է վերածվի էթնիկ հակասության: Հետաքննությունը սկսվել է, հարցում է անցկացվում, եւ քանի որ այն մինչ այժմ շարունակվում է, չեմ կարող հաստատել ձերբակալությունները: Մենք աշխատում ենք դատախազության հետ միասին», - ասել է Գոմելաուրին: ՆԳՆ ղեկավարը ընդծել է, որ իշխանությունները չէին սպասում իրադարձությունների նման զարգացում:  

Ըստ Վրաստանի Առաջին ալիքի՝ Արեւելյան Վրաստանի մուֆտի Էթիբար Էմինովը Դմանիսիում առճակատման կապակցությամբ ասել է, որ կողմերը հաշտվել են: Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են հաշտության շուրջ, եւ որ հակամարտությունը չի շարունակվելու:

«Համոզված եմ, որ մեր ժողովուրդը թույլ չի տա հակամարտության սրում. այն միշտ հաշտության եւ խաղաղ համակեցության կողմնակից է եղել: Վրաստանում ապրող բոլոր էթնիկ խմբերը պետք է ունենան մեկ նպատակ՝ ձեռք ձեռքի տալ եւ միասին ձգտել ուժեղանալ», - ասել է Էթիբար Էմինովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ