News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի բնակիչները փակել էին Երևան–Արմավիր ճանապարհը, նրանք բողոքում են, որ մարզի գյուղերում երկու շաբաթ է՝ ոռոգման ջուր չկա եւ չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերն ու այգիները։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ պատկան մարմինները չեն տիրապետում իրավիճակին, չգիտեն, թե ինչքան ջրի պահանջարկ կա, ջուրը չի հերիքում, նոր սկսում են մտածել, թե ինչ անեն:

Այստեղ էր նաեւ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, ով ներկայացնելով խնդիրն ասաց, որ ամեն տարի կառավարության որոշումով մինչեւ 170 մլն խմ ջուր է բաց թողնվում Սեւանա լճից: «Մինչեւ հիմա ձնհալի արդյունքում գետերից եկող ջրերը ունեինք: Անձրեւներ չլինելու եւ ձնհալի ավարտի պատճառով ջուրը արագորեն նվազեց: Հիմա մենք Մարմարիկի ջրամբարը բացել ենք, դոտացիա տալիս ենք այս համակարգին, որ ժողովրդի կարիքները հոգանք: Մինչեւ որ կառավարության որչոշումը կլինի եւ Սեւանա լճից ջուրը կհասնի ժողովրդին: Այս պահին արդեն ջուրը կա, լրիվ պահանջը բավարարվում է»:

Դիտարկմանը, որ եթե ջուրը բավարար է, ինչի՞ց են բողոքում գյուղացիները, նա արձագանքեց. «Ջրելու կուլտուրա էլ կա: Եթե մենք պահում ենք այդ կուլտուրան, նաեւ ջրելու հերթականությունը, ապա ինձ թվում է, որ ջրի խնդիր այդքան էլ չենք ունենա: Այս տարածքում ջրի խնդիրն իրոք կա, բոլոր տարիներին էլ զգացվել է: Հողերն այնպիսին է, որ կուլտուրայի համար քառակի, հնգակի ավել ոռոգում է պահանջվում: Եթե ուրիշ տեղերում լոլիկը պետք է ջրեն 15 ջուր, այստեղ պետք է ջրեն 40 ջուր: Երեկ գիշերվանից հարցը կարգավորված է»:

Գյուղացիներից մեկն արդարացիորեն նկատեց, որ եթե խնդիրը լուծում ուներ, ինչո՞ւ այսքան օր մարդկանց թողել են անջուր, մարդիկ իրենց գործը թողած ակցիա են անում, նոր լուծվում է հարցը: Նրանք պնդում էին, որ քանի դեռ Սեւանից ջուր բաց թեն թողել, հարցը ամբողջական լուծում չի ունենալու. Այսօր ջուրը կա, վաղը կարող է չլինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ