Հայաստանի Սյունիքի մարզը դարձել է խոշոր խաղացողների շահերի բախման ասպարեզ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը մայիսի 18-ին ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Ղարաբաղի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Գործընթացը Սյունիքում, ըստ նրա, արտաքին խաղացողների համար դարձել է գործոն՝ ուղղված այդ թվում տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի ազդեցության թուլացմանը, որոնք չգիտեն, թե որքան հեռու են պատրաստ գնալ Հայաստանի իշխանություններն իրենց զիջումներում։
Փորձագետը հիշեցրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանի՝ Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ զորակազմ տեսնելու ցանկության մասին հայտարարությունը, ինչն էլ հենց ուղղված է Ռուսաստանի ազդեցության թուլացմանը տարածաշրջանում։ «ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ, նույնպես փորձում են վերականգնել իրենց դերը գործընթացներում՝ փոքր-ինչ թուլացնելով Մոսկվայի ազդեցությունը։ Ռուսաստանն, իր հերթին, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի միջոցով ասում է, որ ամբողջ գործընթացը գտնվում է իր վերահսկողության տակ՝ արտաքին ուժերին ցուցադրելով, որ նրանց միջամտությունն անհրաժեշտ չէ»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա, ինչպես նշեց Աբրահամյանը, դեռեւս մոտ ինն ամիս առաջ այն մոտ 130 կիլոմետրանոց կանխատեսելի սահման ուներ Ղարաբաղի հետ, իսկ հիմա դա չկա։
«Սա Իրանի համար խնդիր է: Նա հասկանում է, որ եթե Հայաստանը կորցնի Սյունիքի վերահսկողությունը, ապա սահմանի այս հատվածը շրջափակման մեջ կընկնի: Ինչ վերաբերում է Հայաստանին, կարեւոր է հասկանալ, որ այլ երկրների օգնության համար դիմելու դեպքում հետագայում դրա համար անհրաժեշտ կլինի վճարել, իսկ շահեկան իրավիճակ կարող են ապահովել միայն ամրապնդված Զինված ուժերը»,- նշեց փորձագետը:
Ըստ նրա կանխատեսումների, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը կարող է տասնամյակներ տեւել, ինչը երկարաժամկետ անկայունության ռիսկեր է ստեղծում: Այս եզրակացությունը, ինչպես բացատրեց փորձագետը, կարելի է անել՝ ելնելով Վրաստանի հետ այսպիսի գործընթացի փորձից, որն առավելագույնը 5%-ով է ավարտվել:
Աբրահամյանը հայտարարեց, թե ամենատխուրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի տարածքում` իշխանությունների կողմից հավասարակշռված որոշումների բացակայության հետեւանքով:
Նա հիշեցրեց Հայաստանի իշխանությունների բացատրությունները Քաշաթաղի (Լաչին) եւ Կովսականի (Զանգելան) հատվածների հանձնման հետ կապված՝ իբր պատերազմի սպառնալիքի պատճառով: «Եթե այդպես է, ապա այս փաստարկը կարող է առաջ քաշվել նաեւ Սյունիքում եւ Գեղարքունիքում ներկայիս գործընթացների դեպքում»,- եզրափակեց փորձագետը: