News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել, այսինքն ադրբեջանական զորախումբը Հայաստանի տարածքից չի հեռացել։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական զինված ուժերը կանխում են մեր տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը, պնդում, որ թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը հայկական զինված ուժեր լիարժեք վերահսկում են։ Նախատեսվում է բանակցությունները շարունակել մայիսի 19-ին։ Հայկական զորքերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։

Հայաստանի արեւելյան սահմանին տիրող դրությունը շարունակում է քննարկվել օտար մայրաքաղաքներում. Ռուսաստանի  արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Դաշնությունում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեւիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, նախօրեին էլ հայ-ադրբեջանական դիմակայության թեման Իրանի դեսպանի հետ հանդիպման օրակարգում էր։ Վերլուծաբանները ենթադրում են, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Իրանը դիվանագիտական խողովակներով փորձում են ճնշում գործադրել Մոսկվայի նկատմամբ, հայկական տարածքների զավթումը թույլ չտալու համար։

Աղմկոտ ձերբակալությունների շարքից. երեկ երեկոյան կալանավորվել է Երեւանի նախկին քաղաքապետ եւ Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ոստիկանությունից հայտնել են, որ Մոսկվայի չվերթով Երևան ժամանելուց հետո նա հանձնվել է ազգային անվտանգության ծառայությանը։ Բեգլարյանը հետախուզվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով յուրացումների մեղադրանքով: Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը NEWS.am-ին հայտնել է, որ նախկին պաշտոնյան բերման չի ենթարկվել, այլ ինքնակամ է ներկայացել։  Ըստ նրա՝ սուտ  է նաեւ հաղորդումը, թե իր պաշտպանյալը բերման է ենթարկվել օպերատիվ տվյալներ իրացնելով։ Ավելի ուշ դատախազությունը հայտնել է, որ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, նա նաեւ պետական հաշվեհամարին է փոխանցել իր պատճառած ենթադրյալ վնասի չափով գումար։

Երեկ երեկոյան էլ բռնության գործադրմամբ բերման է ենթարկվել նախկին վարչապետ եւ Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։ Նա փորձել էր հանդարտեցնել մի հայհոյախոս քաղաքացու, որը հրել էր Հարությունյանին։ Ոստիկանները որոշել են երկուսին էլ բաժին տանել։ Միջադեպի վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո Խոսրով Հարությունյանին ազատ են արձակել։

Խոսրով Հարությունյանը բերման էր ենթարկվել մի հավաքից, որը նախաձեռնել էր մեկ այլ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա կոչ էր արել համաքաղաքացիներին երեկոյան գալ ազատության հրապարակ եւ կամավորագրվել աշխարհազորում՝ երկրի սահմանները պաշտպանելու առաքելությամբ։ Բագրատյանն ասել է, որ ամեն երեկո է գալու այստեղ եւ հավաքագրելու կամավորներ, ապա կառավարությունից զենք է պահանջելու։ «Ադրբեջանցիները չեն թողելու, որ մենք Սեւ լճից ազատ օգտվենք։ Վստահաբար ասում եմ, որ Գեղարքունիքում ադրբեջանցիներն ավելի են խորացել, որովհետեւ լսել են, որ 2 օրից կլինի բանակցություն, ասում են՝ հիմա խորանանք, որ հետո կեսը զիջենք, կեսն էլ մեզ պահենք։ Ինչ ասում եմ, հակադարձում են, թե  սուտ է, հետո պարզվում է՝ ճիշտ է», ասել է Հրանտ Բագրատյանը։

Պետական մակարդակով սուտը բացառելու պահանջով հայտարարություն են տարածել ԱԱԾ պահեստազորի սպաները: «Սուտը հասել է ահռելի չափերի, գործող իշխանությունները ստում էին ու ստում են միշտ և ամենուրեք․ հանրահավաքներում, էկրաններից, պատերազմից առաջ, ընթացքում, հետո, այդ ստերն օրեցօր դարձան էլ ավելի վտանգավոր։ Շատ պաշտոնյաներ պարզապես հաճույք են ստանում ստելուց։ Հաճույքի այդ «աղբյուրը» պետք է չորացնել», գրել են անվտանգության սպաները եւ առաջարկել քրեականացնել պաշտոնյաների ստախոսությունը, տուգանք սահմանել, ծանր հետեւանքների հանգեցնելու դեպքում ազատազրկել։ «Հայաստան» դաշինքի ձեւավորման հանրահավաքում սուտ խոսելու համար պաշտոնյաներին պատժելու անհրաժեշտության մասին խոսել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը, որը 2009 թվականից  ռուսաստանյան խոշորագույն «ՍԻՍՏԵՄԱ» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է, հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ մի քանի օր առաջ նախկին նախագահը հրաժարվել է շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ «Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը, Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։ Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Իրավապահներն Ազգային ժողովի մոտ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանին ավանակի վրա նստեցրած ծննդավայր վերադարձնելու համար Երեւան եկած իջեւանցի Սեւադա Ղուկասյանի տանը խուզարկություն են իրականացրել։ Սեւադա Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել է որ ոչինչ չեն հայտնաբերել. «Թմրանյութ, դրանց պատրաստման գործիքներ հայտնաբերելու համար էին խուզարկում։ «Իսկանդեր» հայտնաբերեցին», կատակել է նա։ Հիշեցնենք, որ էշով խորհրդարան գալու օրը, անձնական խուզարկությամբ, իրեն անծանոթ զանգված էր հայտնաբերվել։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 212 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 221 հազարից: Մահացել է 17 վարակված, որոնցից 4-ի մահը  վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 5410 է։

Գազայի հատվածում Իսրայելը հրթիռային հարվածներով հողին է հավասարեցրել 132 շենք: Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ 316 տուն լրջորեն վնասվել է եւ պիտանի չէ բնակության համար, եւս 6500 բնակելի տներ միջին կամ աննշան վնասվածքներ են ստացել: Հրթիռակոծությունից վնասվել են 6 հիվանդանոց եւ 9 բուժհաստատություն, 42 դպրոց, 2 մանկապարտեզ, 600 հազար աշակերտների մեծ մասը դուրս է մնացել ուսումնական գործընթացից: Գազայի հատվածում հրետակոծության զոհերի ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 200-ը: Իսրայելցիների տվյալով՝ մայիսի 10-ից պաղեստինցիներն արձակել են 3350 հրթիռներ, որոնց 90%-ը ոչնչացրել է «Երկաթե գմբեթ» համակարգը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.36 դրամով, կազմել է 521.55 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.80 դրամով ու հասել 637.23 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.71 դրամով ու հասել 740.81 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել 7.08 դրամ:

Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 19-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Առաջիկա 3 օրվա ընթացքում եղանակը կտաքանա 5-7 աստիճանով: Երեւանում տեղումներ չեն լինի: Գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +29 +31:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ