News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի արեւելյան սահմանին լարվածությունը չի նվազում. նախօրեին պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ եթե ադրբեջանցիները չվերադառնան ելման դիրքեր՝ հայկական կողմը կդիմի խնդրի ուժային լուծման։ Այսօր ռազմական գերատեսչությունը հայտարարել է, թե բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Վերջին օրերին հայկական հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմն այսօր նախատեսված բանակցություններին չի ներկայացել:

Կտրուկ զարգացումների հավանականության մասին է վկայում Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության հայտարարությունը։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան, նախազգուշացումը բարձրացնելով ամենաբարձր՝ 4-րդ՝ կարմիր, մակարդակի: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, բայց զգուշացման մեջ խոսվում է նաեւ սահմանային լարվածության մասին։ Կորոնավիրուսի վիճակագրությունն, ի դեպ, վերջին օրերին Հայաստանում նվազել է։ Ադրբեջանի համար նշվում է, որ խոշոր քաղաքներում կա ահաբեկչության վտանգ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց:

Փաշինյանը ներկայացրել է ՀՀ եւ ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:

Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման հարցերի քննարկման ժամանակ, Տաջիկստանի արտգործնախարարի հետ ասուլիսին հայտարարել է նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը:

«Մենք, մեր հերթին, մեր ընկերներին մանրամասն տեղեկացրել ենք այն մասին, թե ինչ ջանքեր է գործադրում Ռուսաստանը՝ միջադեպի կարգավորման համար, որն առաջացել է պետական սահմանի միջազգային-իրավական ձեւակերպման բացակայության պատճառով: Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանի սահմանազատմանը եւ սահմանագծմանը՝ այդ նպատակով հանդես գալով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, եթե ցանկանում եք՝ միջնորդ»:

Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները նախօրեին քննարկել են Հայաստանի խնդրանքը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ:  Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը դեմ է առանց ռուսական կողմի միջնորդության Ադրբեջանի հետ սահմանային ճշգրտումներին։ Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ պնդել է, որ սահմանազատումից առաջ, ադրբեջանցիները նախ պետք է լքեն Հայաստանի տարածքը։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ երեկ երեկոյան ավարտվել է նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը, այն կհրապարակվի առաջիկայում։ Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրից բացի Փաշինյանը Ալիևին այլ՝ բանավոր խոստումներ է տվել։ Մասնավորապես, հունվարին Մոսկվայում ՌԴ նախագահի ներկայությամբ նա խոստացել է, որ գարնան սկզբին՝ ձնհալից հետո, շտապ կարգով իրականացնելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ամբողջական ու վերջնական դեմարկացիա։ Փաշինյանը պայմանավորվել է Ալիևի հետ, որ դեմարկացիայի և դրա հետևանքների մասին Հայաստանը չի անելու միջազգային աղմուկ, խոստացել է տրամադրել Սյունիքով միջանցք, որի երթուղին քննարկվում է Հայաստան-Ադրբեջան ուղիղ, երկկողմ ձևաչափում։

Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժումից մեկ շաբաթ առաջ, ըստ Մինասյանի, Փաշինյանը փորձել է փոփոխել պայմանավորվածության ժամկետները՝ ասելով, թե երբ խոսք էր տալիս, չգիտեր, որ ընտրություններ են լինելու։ Նա խնդրել է հետաձգել պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը և ժամկետները սահմանել ընտրություններից հետո։ Դրան ի պատասխան Ադրբեջանը ներխուժել է Սյունիք և Գեղարքունիք։

Երեկ երեկոյան, ըստ նրա, ավարտվել է նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։ Հայտարարությունը կհրապարակվի առաջիկայում։ Այդ փաստաթղթում ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Այդ հայտարարությամբ և դրան կից գաղտնի հավելվածով սահմանվում է.

1. Ստեղծվելու է հանձնաժողով, որը ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար։

3. Քննարկվելու է Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը։

4. Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթները պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։

Այս պահին Փաշինյանը տվել է իր համաձայնությունը՝ երեք խնդրանքով. մինչև ընտրություններ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից, գոնե մի քանի գերի վերադարձնի և դիվանագիտական բառապաշարով Տավուշի 5 գյուղի հատվածը ձևակերպված լինի լղոզված՝ որպեսզի կարողանա դիմակայել մինչև ընտրությունների ավարտը»,– գրել է Միքայել Մինասյանը:

Հայաստանյան 5 քաղաքական ուժեր հայտարարել են «Ազատ հայրենիք» դաշինք ստեղծելու մասին: Այն ստորագրել են «Ազգային Ինքնորոշում Միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ Կառուցողական և Պահպանողական կուսակցությունները. նպատակը Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը վերականգնելն է, ժողովրդավարություն հաստատելը, հոգևոր անվտանգությունը, Մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանելը, տնտեսության կայուն զարգացումը:

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ մարզային որոշ շտաբներից ահազանգ է ստացել ոստիկանների ահիմն այցերի մասին։ Իրավապահները հետարքրվել են շտաբի ցուցանակի, կազմակերպական հարցերի մասին։ «Որեւէ ոստիկան չի կարող ստանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը եւ փորձ անգամ չկատարի ճնշում գործադրել «Հայաստան» դաշինքի շտաբի անդամների նկատմամբ», նշել է Վարդեւանյանը եւ հրավիրել ԿԸՀ-ի ու միջազգային դիտորդների ուշադրությունն այդ վարքագծի վրա։

Հիդրոօդերևութաբանության կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ահազանգել է եղանակի կտրուկ տաքացման մասին։ Մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր: «Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների։ Արարատյան դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1999-ի և 2020-ի մայիսի երրորդ տասնօրյակում՝  մինչեւ 35,3 աստիճան, սակայն այդ գոտում մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36-37 աստիճան՝ նորմայից 8-10 աստիճանով բարձր»,- գրել է Սուրենյանը եւ հուսադրել, որ եղանակը կզովանա մայիսի 23-ից եւ կուղեկցվի կարճատև անձրևներով։

«Ադեկվադ» միաբանության անդամները երեկ երեկոյան ակցիա են իրականացրել Կառավարության մոտ եւ շենքի վրա պատկերել «Antinikol V» գրությունը։ «Մենք պետք է անընդհատ մատնանշենք, որ մեր դժբախտությունների պատճառը սուտն է, որի ակունքը Նիկոլն է։ Որպեսզի մեր երկիրը լավ կետի հասնի, պետք է սկզբում պայքարենք ստի հարուցիչի ու կրողի դեմ, պատվաստվենք «անտինիկոլ V» ազնվության պատվաստուքով»,– ասել է  միաբանության անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221368-ի: Մեկ օրում մահացել է 14 վարակակիր։ Մահացածների ընդհանուր թիվը 5424 է:

Կորոնավիրուսի ահագնացող վիճակագրություն է գրանցվում Հնդկաստանում. այստեղ մեկ օրում գրանցվում է 4,5 հազար մահ, վարակվածների թիվն օրական հասնում է հարյուր հազարների. վարակվածների ընդհանուր թիվը 25,5 միլիոն է։ COVID-ից մահացածներևի թիվն այս երկրում անցել է 283 հազարից։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.83 դրամով, կազմել է 520.72 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.38 դրամով ու կազմել  635.85 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.16 դրամով  ու կազմել 737.65 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով  ու կազմել 7.07 դրամ:

Հայաստանում մայիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +32 +34 աստիճան:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ