News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արդեն իններորդ օրն է Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականները չեն հեռանում Սյունիքից ու Գեղարքունիքից։ Ավելին՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել է, որ այսօր եւս 30 հոգի հատել են ՀՀ պետական սահմանը Սեւ լճի աջ կողմից: Ըստ նրա՝ հակառակորդն անընդհատ դրդում է պատերազմի՝ չնայած հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ այս հարցը պատրաստվում են լուծել խաղաղ ճանապարհով:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի սահմանային ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ Ժամը 15-ի սահմանում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։ Ադրբեջանցիների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հայկական զինված ուժերը նախազգուշացնում են, որ նմանօրինակ միջադեպերի կրկությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի որոշակի գործողություններին։

Միջադեպ է գրանցվել նաեւ Արցախում։ Ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։ Վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։

Դրությունը սահմանին շարունակում է մնալ լարված, կառավարության նիստին առավոտյան խոստովանել է վարչապետի պաշտոնակատարը, նաեւ բացահայտել, որ Հայաստանի տարածքում ոչ թե 250 ադրբեջանցի զինծառայող կա, ինչպես կարծում էր հայ հանրությունը, այլ  500-600 հոգի: Նիկոլ Փաշինյանը գովել է Հայաստանից թշնամական զորքերի դուրսբերման ուղղությամբ արտգործնախարարության ջանքերը, պախարակել հայ զինվորին քաշքշելու տեսանյութի առիթով իշխանությանը քննադատողներին, քանի որ, ըստ նրա, կատարվածի 3-4 րոպեն են հրապարակում, մինչդեռ դրվագը տեւել է 2 ժամ, ակնարկելով, որ այն մեր օգտին է եղել։ Այդ մասին, ի դեպ, պաշտպանության նախարարությունը տեղյակ չէ, քանի որ գերատեսչությունում ուսումնասիրելուց հետո ծառայողական քննություն են նշանակել եւ ոչինչ չեն ասել միջադեպը հայկական կողմի գերազանցությամբ ավարտվելու մասին։ Ապա նա անցել է դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի լուսանկարի թեմային, որը բացահայտում էր նոր եռակողմ պայմանավորվածությունը, նշել, թե «ունենք անհարգալից իրադրություն Հայաստանի հանրության հանդեպ», թեեւ ինքն էր հրապարակներում հայտարարում, թե ոչինչ չի ստորագրելու ժողովրդի թիկունքում։

Անհարգալից դրությունն, ըստ Փաշինյանի, այն է, որ հրապարակված փաստաթղթի մեծ մասը սեւով փակված է եղել, եւ եթե այն իրոք հակահայկական է, պետք է բաց լիներ։ Վերլուծությունը Փաշինյանին հանգեցրել է այն մտքին, որ փաստաթուղթը հրապարակողն այն Հայաստանից ու Ռուսաստանից չի ստացել, այլ Ադրբեջանից։ Նկատենք, որ Փաշինյանը թեև քննադատել է փաստաթղթի աշխատանքային տարբերակը տարածողներին, սակայն որևէ կերպ չի հերքել Միքայել Մինասյանի այն հայտարարությունը, որ իշխանությունը պատրաստվում է 6 գյուղ զիջել Ադրբեջանին, հինգը՝ Տավուշում, մեկն էլ Արարատում։

100 տոկոսով հայկական շահերին համապատասխանելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը շատ փորձագետներին զարմացրել է, քանի որ գործադիրի ղեկավարն ինքն էր խոստովանում, որ փաստաթուղթը դեռ վերջնական չէ եւ մշակման փուլում է։

Արձագանքելով Փաշինյանի մեղադրանքին՝ Սուրբ Աթոռում նախկին դեսպանը շեշտել է՝ Փաշինյանը փաստորեն խոստովանում է, որ կրկին գաղտնի բանակցում է և ստորագրելու է հերթական հակահայ փաստաթուղթը: «Նա կրկին ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշում է պետության ճակատագիրը՝ զիջելով Հայաստանի ինքնիշխանությունն ու հանձնելով արդեն Հայաստանը, որ թշնամուն է հանձնելու Տավուշի գյուղերը, հաջորդիվ վստահաբար Սևանի ու Ջերմուկի սարերը: Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը»– գրել է նա։

Ի՞նչ եք զգում, երբ ձեր զորքին նվաստացնում են. կառավարության շենքում լրագրողների այս հարցը զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անարձագանք է թողել։ Նա արագ իջել է աստիճաններով ու դուրս եկել շենքից:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչպես է սփյուռքը վերաբերվում Ադրբեջանի հետ նոր փաստաթղթի ստորագրմանը: Քիչ անց Սինանյանը լեզվակռիվ  է սկսել լրագրողներից մեկի հետ։

Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ վստահեցրել է՝  տեղյակ չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ փաստաթուղթ է մտադիր ստորագրել։

Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ըստ Սահմանադրության՝ Հայաստանի տարածքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է ԱԺ-ում քննարկվի։

Հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որը նախաձեռնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, եւ որին միացել է նաեւ ԲՀԿ-ն: Նրանք ԱԺ հայտարարության նախագիծ են ներկայացրել։ Դրանում կոչ է արվում վարչապետի պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաեւ ազգի ապագային:

Արտահերթ նիստին Փաշինյանը ելույթ է ունեցել, որում կրկին չի հերքել տեղեկությունը, որ մտադիր է տարածքներ զիջել Ադրբեջանին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փաստաթղթի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը, Սյունիքի մարզում էր Եվրամիության պատվիրակության ղեկավարի եւ ԵՄ երկրների դեսպանների հետ։ «Ես չեմ տեսել այդ փաստաթուղթը, չեմ մասնակցել դրա վերաբերյալ քննարկումներին, եթե դա կա»,- ընդգծել է նա:

Այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։ Առավոտից տեղեկություններ կային, որ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական է տվել։ Կասկածներն ավելի ամրապնդվեցին, երբ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԳՆ–ն ամեն ինչից տեղյակ է եղել։ Մինչև երեկո Այվազյանի հրաժարականի լուրն այդպես էլ չհաստատվեց։

Կառավարության շենքի մոտ երեկոյան մեծ թվով  քաղաքացիներ են հավաքվել, որոնք պահանջում են վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարից հրապարակել սկանդալային փաստաթուղթը: Ավելի ուշ ցուցարարները գնացել են ԱԳՆ շենքի մոտ, որտեղ Արա Այվազյանին մեկ օր ժամանակ են տվել իրենց ընդունելու և իրենց հարցերին պատասխանելու համար։

Եվրոպական խորհրդարանը 607 կողմ, 27 դեմ եւ  54 ձեռնպահ ձայներով ընդունեց բանաձեւ, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ բանաձեւի ընդունման համար ջանացել են Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը եւ Լեւոն Զուրաբյանը։

Ռեյկյավիկում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, երկկողմ եւ համաշխարհային հնչեղություն ունեցող մի շարք հարցերի թվում քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական դիմակայության խնդիրը։

Ըստ պետքարտուղարության՝ Բլինքենը եւ Լավրովը խոսել են Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման որոնման մասին:

Վերջին օրերին Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ-ից հեռանալու մասին համառորեն պտտվող լուրերը հաստատվել են։ Ֆեյսբուքյան գրառումով Զոհրաբյանը նշել է, որ վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին  ԲՀԿ համամասնական ցուցակով չի մասնակցելու։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 191 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221559-ի: Մահացել է 9 վարակակիր, մահացածների ընդհանուր թիվը 5433  է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով, կազմել է 520.74 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.28 դրամով  ու կազմել 634.57 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.42 դրամով  ու կազմել 735.23 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 7.07 դրամ՝ 1 ռուբլու դիմաց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ