Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են տեղի ունեցում Իսրայելի ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ, հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Աղոթքից անմիջապես հետո անկարգություններ են սկսվել Տաճարի լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանության վրա եւ խախտել հասարակական կարգը», - գործակալությանը հայտնել է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Զինգերմանը:
Նրա խոսքով՝ ուժայիններին կարգադրվել է «մտնել Տաճարի լեռ՝ կարգուկանոնը վերականգնելու համար», իսկ բախումներին չմասնակցած մարդկանց թույլատրել դուրս գալ մզկիթի տարածքից:
Անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը օգտագործում է աղմկային նռնակներ եւ արցունքաբեր գազ: Միջադեպի արդյունքում տուժել է առնվազն 15 պաղեստինցի:
Նախօրեին Իսրայելի անվտանգության հարցերով նախարարների կաբինետը միաձայն ընդունել է Եգիպտոսի նախաձեռնությունը՝ առանց որեւէ պայմանի Պաղեստինի հետ փոխադարձ հրադադար հաստատելու վերաբերյալ: ՀԱՄԱՍ-ը հավաստիացրել է, որ կպահպանի հրադադարը Թել Ավիվի կողմից նմանատիպ գործողության դեպքում:
Հրադադարը ուժի մեջ է մտել ուրբաթ առավոտյան ժամը 2:00-ին: Ինչպես Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, Մոսկվան կցանկանար, որ իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ համաձայնագիրը երկարաժամկետ լիներ: