News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝  Սիսիան-Մուծք ճանապարհին։ Մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս զրահափոխադրիչը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մետր գլորվել ձորը։ Մեքենայի մեխանիկ-վարորդ՝ 21-ամյա ժամկետային Արման Համբարյանը մահացել է։ Եվս 4 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Ադրբեջանցիները նախօրեին փորձել են առաջխաղացում ապահովել Սյունիքի մարզի ևս մեկ ուղղությամբ։ Առավոտյան նրանք Խոզնավար գյուղի ուղղությամբ առաջացել են 1.5 կմ։  Իրենց մոտեցած հայ զինծառայողների հասցեին նրանք բռնության սպառնալիքներ են հնչեցրել, թե առաջանալու դեպքում կկրակեն, այնուհանդերձ, հայ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր: Նույն օրը երեկոյան նրանք կրկին առաջ են եկել նույն ուղղությամբ, հայ զինծառայողները փակել են նրանց ճանապարհը, սկսվել է վեճ, որը ծեծկռտուքի է վերածվել։  Հայ զինծառայողներին այս անգա էլ հաջողվել է հակառակորդին հետ ուղարկել ելման դիրքեր: 11 հայ զինվորական վնասվածք է ստացել և տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։

Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը պատմել է, որ բնակիչներին այս դեպքը այնքան է անհանգստացրել, որ ոմանք գյուղից  տարհանել են իրենց  մանկահասակ երեխաներին, իսկ տղամարդիկ միացել են սահմանապահ զինվորներին։

Սյունիքի դեպքերին զուգահեռ իրավիճակը սրվել է նաև Արցախում։ Պարզվում է՝ մի քանի օր առաջ հակառակորդը 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ է վարել Շոշ գյուղի մարտական դիրքերից մեկում աշխատող էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ։ Դատախազությունն այդ մասին միայն այսօր է հայտնել, նաև նշել է, որ զոհեր չեն եղել, քանի որ քաղաքացիական անձը և ժամկետային զինծառայողները կարողացել են պատսպարվել:

Սյունիքի մարզի Խնածախ համայնքում էլ ադրբեջանցիները երեք ձիեր են տարել: Գյուղապետ Անուշավան Հովակիմյանը պատմել է, որ ձիերը մոտեցել են ադրբեջանցիների դիրքերին, մինչև գյուղացիները նկատել են, նրանք արդեն դիրքերի մոտ են եղել, ադրբեջանցիներն էլ ձիերին չեն վերադարձել։

Ադրբեջանից հերթական շանտաժն է հնչել։ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է առեւտրային հարաբերություններ հաստատել Երեւանի հետ, սակայն դրա համար Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները, բացի դրանից Երեւանը պետք է Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ԵԱՏՄ–ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը, որը ենթադրում է գազի գնագոյացման ընդհանուր մոտեցում։

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը հնարավոր է՝ սկսի արտադրվել նաև Հայաստանում։ Նույն նիստին Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանը դիտարկում է արտադրությունը Հայաստանում եւ Ղրղզստանում տեղայնացնելու հնարավորությունը։ Պուտինը նաև ասել է՝ շուտով շրջանառության մեջ կդրվի ռուսական չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտնիկ լայթը»։

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Նրանք քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշել է իր թեկնածությունը չառաջադրել առաջիկա արտահերթ ընտրություններում։ Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո ինքը հրապարակավ դժգոհություն չի հայտնել, քանի որ չի ցանկացել ավելի սրել ներքաղաքական վիճակը։Սասուն Միքայելյանը նաև պնդել է, թե ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու միակ ճանապարհը ինքը համարել է արտահերթ ընտրությունների անցկացումը, որին ինքը նպաստել է այս ամիսների ընթացքում։

Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայից` Ազգային ժողովի դիմացից, բերման են ենթարկվել հասարակական–քաղաքական 9 գործիչներ, որոնք իրենց բողոքն էին հայտնում Ադրբեջանի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու Փաշինյանի որոշման դեմ։ Ականատեսները վկայել են, որ իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառել։

Բերման ենթարկվածների թվում էր նաև Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Նա կեսգիշերից հետո ոստիկանությունից ազատ է արձակվել, ունեցել է մարմնական վնասվածքներ և առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221699-ի: Մեկ օրում մահացել է 10 վարակված, մահացածների ընդհանուր թիվը 5443 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.20 դրամով, կազմել է 520.54 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.89 դրամով ու հասել 636.46 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.67դրամով ու հասել 739.90 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել 7.09 դրամ:

Հայաստանի առանձին շրջաններում վաղն օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ, հնարավոր է կարկուտ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +34 +36 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ