News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի արեւելյան սահմանին դրությունը համեմատաբար կայուն է, պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ միջադեպեր. չեն արձանագրվել։ «Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանական անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր»,- հայտնել է նախարարությունը եւ հերքել մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Սյունիքի մարզի Սեւ լճի մոտ1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա:  

Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել է Խուդաֆերինի կամուրջն ու հայտնվել Իրանում: Պաշտպանության նախարարությունը հերքել է նաեւ այս տեղեկությունը՝ պնդելով, որ Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ չունի: Նույնը փոխանցել է նաեւ Թեհրանում Հայաստանի դեսպանը:

Հայաստան եւ Ադրբեջան է այցելելու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը: Սպասվում է, որ օրակարգում Սյունիքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունն է եւ այդ մարզում Բաքվի հեռահար ծրագրերը: Արդեն Հայաստանում է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին, ենթադրվում է՝ հենց այդ հարցը քննարկելու համար: Արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն էլ հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ներկայացրել սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ընդգծել Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորակազմի անհապաղ եւ անվերապահ դուրսբերման հրամայականը։  

Իսկ Ադրբեջանում արդեն դատում են գերի  ընկած հայերին։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ խոսքը 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի եւ 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի մասին է։ Երկուսին էլ մեղսագրվում են հանցագործություններ, որոնք, իբր, կատարվել են Ղարաբաղում առաջին պատերազմի ժամանակ։ Որպես գործով տուժող՝ ներգրավվել է 12 ադրբեջանցի։  

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկած չունի, որ ռուս-հայկական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգով։ «Մեր երկիրը միշտ պատրաստ է թիկունք լինել եղբայրական հայ ժողովրդին։ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում ղարաբաղյան թեմատիկայով։ Մենք աննախադեպ ակտիվ եւ վստահելի քաղաքական երկխոսություն ենք հաստատել՝ բարձր եւ այլ մակարդակներում»,- նշել է Լավրովը։ Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային հստակ փոխանցում էայն միտքը, որ Ղրիմի վերաբերյալ ուկրաինական նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ ոտնձգության: «Ուկրաինական գործերի բոլոր մակարդակներում խստորեն խորհուրդ ենք տալիս մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը եւ դադարեցնել Կիեւի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը»,- նշել է նա:  

Վարդենիսում անհետացած 18-ամյա ժամկետային զինծառայողի մասին 6 օր անց դեռ որեւէ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են: Ըստ պաշտպանության նախարարության՝ զինվորն ինքնակամ է լքել զորամասը։ NEWS.am-ին  Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնել է, որ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:  

Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել: ՊՆ-ը մանրամասներ դեռ չի հաղորդում:  

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կուսակցության համագումարին խոսել է Հայաստանի սահմանին դրությունը սրվելու դեպքում ընտրությունները չեղյալ համարելու հնարավորության մասին: Ըստ նրա՝ այս ընտրական գործընթացը գնում է ատելությա՛ն հունով: Մարուքյանը հիշեցրել է, որ ինքն առաջարկել է բոլոր նախկին նախագահներին մի կողմ քաշվել եւ չմասնակցել ընտրություններին, ավելացնելով, որ բացի նախկինից եւ ներկայից կա նաեւ այլընտրանք եւ դա իրենց ուժն է:

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր թիմակիցների հանդեպ հետապնդում սկսած իրավապահները շուտով պատժվելու են օրենքով: «Ես կարող եմ ներել իմ հանդեպ ապօրինություններն ու անարդարությունը հանուն, պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։ Բայց զգուշացնում եմ, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որեւէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու։ Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:  

«Պատիվ ունեմ» դաշինքը հանգստյան օրերին նախաձեռնել էր «Հայաստանի եւ Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով փարձագիտական կլոր-սեղան, որի ավարտին հայտարարություն է տարածել՝ պահանջելով՝ արագացված տեմպերով ապահովել Հայաստանի սահմանների պաշտպանությունը, բոլոր կոմունիկացիաների լիարժեք վերահսկելիությունը, պատասխանատվություն ցուցաբերել Արցախի հետագա կարգավիճակի եւ նրա քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովման հարցերում, թույլ չտալ լեգիտիմությունը կորցրած իշխանություններին, գաղտնիության պայմաններում, թշնամու հետ ձեռք բերել ապօրինի պայմանավորվածություններ եւ ստորագրել երկրի տարածքային ամբողջականությանը եւ անվտանգությանը սպառնացող փաստաթղթեր:  

Երկրի պաշտպանությամբ չզբաղվելու համար իշխանությանը մեղադրել է նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Բաբայանն ասել է, որ անպայման մասնակցելու է ընտրություններին: Նրա խոսքով՝ իրենք լինելու են սեւ ու սպիտակի միջեւ մեջտեղի գիծը, եւ թույլ չտան, որ արյունահեղություն լինի, քանի ամեն ինչ գնում է դրան: «Անկախ նրանից, թե ով է հաղթում, դա բերելու է արյունահեղության: Մենք ամեն ինչ անելու ենք, որ բանը դրան չհասնի»,- ասել է նա՝ չբացառելով որեւէ ուժի հետ համագործակցությունը:  

Վարչապետի պաշտոնակատարի առաջարկով նախագահը Գլխավոր շտաբի պետի եւս մեկ տեղակալ է նշանակել: Էդվարդ Ասրյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:  

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 222 հազարի: Մահացել է երեք մարդ, հանգստյան օրերին՝ 23-ը: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 5469-ի:  

Նախօրեին մայրաքաղաքում ուժեղ փոթորիկը պոկել էր կտուրներ, տեղահան արել ծառեր: Իսկ Էջմիածին-Զվարթնոց տարածքում նույնիսկ պտտահողմ է եղել: Հայաստանում եզակի այս երեւությի կադրերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:  

Նախօրեի փոթորիկն ու կարկուտը ոչ միայն հոսանքազրկել էին մայրաքաղաքի մի մասը, այլ լուրջ վնասներ հասցրել գյուղատնտեսությանը: Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում կարկուտի հետեւանքով 100 տոկոսով վնասվել են եգիպտացորենի եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։ Չկա մի մարդ, որ վնաս կրած չլինի՝ մեզ հետ զրույցում ասել է համայնքապետ Սամվել Գալստյանը: Իրենց վնասված այգիների լուսանկարներով գյուղացիները հավաքվել են համայնքապետարանի մոտ, նրանց խոսքով՝ իրենց կրած վնասներն ահռելի են:  

Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի կապակցությամբ շաբաթ օրը Փարիզի Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում բացվել է մեծ շանսոնյեի կիսանդրին։ Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, քույրը՝ Աիդա Ազնավուրը, պաշտոնյաներ եւ համայնքային գործիչներ։ Կիսանդրու հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։

Սկանդալային միջադեպ է գրանցվել Իտալիայում կայացած Եվրատեսիլին, որի ընթացքում իտալացի մեկնաբանները, ակնհայտ զվարթ տրամադրության մեջ մեկնաբանել են, որ պարտության պատճառով Հայաստանը չի մասնակցում համաեւրոպական մրցույթին, քանի որ պարտությունից հետո նաեւ փող չունի, իսկ ադրբեջանը նախ հաղթել է, հիմա էլ՝ այս մրցույթում է հայտնվել եզրափակիչում: Հայաստանի արտգործնախարարությունը եւ Եվրոպական հեռարձակողների ասոցիացիայի անդամ Հանրայինը չեն արձագանքել այս խայտառակությանը, միայն Իտալիայում Հայաստանի դեսպանատունն է բազմաթիվ բողոքներից հետո դիմել իտալական հեռուստաընկերություններ, որոնք էլ ընդամենը ցավ են հայտնել՝ նշելով, թե մեկնաբաններն ուզում էին ասել, որ հակամարտությունները վատ բան են ու նաեւ այսպիսի հետեւանքներ են ունենում՝ ինչպես նման մրցույթին չմասնակցելը:  

ֆուտբոլի Իտալիայի առաջնության վերջին տուրում Հռոմի «Ռոմային» եվրագավաթների ուղեգիր է պարգեւել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ խաղավարտին խփած գոլը: «Ռոման» 2:2 հաշվով է ավարտել «Սպեցիայի» դեմ արտագնա հանդիպումը՝ գրավելով 7-րդ տեղը, նվաճել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերանսների լիգայի ուղեգիր: Պարտության դեպքում մայրաքաղաքային թիմը կմնար առանց եվրագավաթների ուղեգրի: Մխիթարյանը «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է՝ 13 գոլով, նաեւ 11 գոլային փոխանցման հեղինակ:  

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով, հասել է 520.58 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.73 դրամով ու կազմել 635.73 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.11 դրամով ու կազմել 735.79 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով եւ կազմել 7.07 դրամ:  

Հայաստանի շրջանների մեծ մասում մայիսի 25-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Երեւանում եւս սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝ +26 +28 աստիճան:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ