News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 32-ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը։ Գերատեսչությունը նշում է, որ իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։ Երեկ երեկոյան, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը։ Քննություն է ընթանում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: Այսօր կեսօրից հետո զորամասում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային Մհեր Կարենի Հովհաննիսյանը գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Այս դեպքով եւս կատարվում է քննություն:

«Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իրենց բանաձեւը արժանապատիվ խաղաղությունն է: «Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ տալով խաղաղ ապրել: Եթե պատրաստ եք նման խաղաղության, ուրեմն ընտրեք այսօրվա քաղաքական թիմին եւ չորեքթաթ ապրեք ամբողջ կյանքում: Այո, մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն»,- ասել է նա: Քոչարյանը ցանկություն չունի մեկնաբանել առաջին նախագահին, որն իր վերջին հոդվածում 2-րդ եւ 3-րդ նախագահներին մեղադրում էր պահանջատիրության եւ առավելապաշտության մեջ։ «Ես 10 տարի եղել եմ նախագահ, եւ չի եղել համանախագահների որեւէ առաջարկ, որն ընդուներ Ադրբեջանը եւ մերժեր Հայաստանը», ասել է նա։ Քոչարյանը չի հերքում, որ Փաշինյանը վարկանիշ ունի, բայցեւ մեծ հավատ չի ընծայում հարցումների նկատմամբ, քանի որ երկրում, նրա խոսքով, առողջ մթնոլորտ չէ:

Միասնական ցուցակով ընդդիմադիր դաշտի մասնակցության կոչերի վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանը տարակուսել է. «Ձեզ մոտ հարց չէ՞ր առաջանա, բա հետո ինչպե՞ս եք աշխատելու: Այդ ֆորմատով ինչպե՞ս եք երկիր կառավարելու: Այդ դեպքում դուք իրավունք կունենայիք ասելու, որ ձեր նպատակը մեկ մարդու հեռացնելն է, այլ ոչ թե երկրի առջեւ կանգնած խնդիրները լուծելը»: Իր եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տարաձայնությունների մասին հարցին նա արձագանքել է. «Դուք ճանաչու՞մ եք երկու մարդու, որոնք ընդհանրապես տարաձայնություն չունենան։ Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց»: Ընտրություններում բոլորը բոլորի մրցակիցն են, բայց, ըստ նրա, այս ընտրությունների ժամանակ կան մրցակիցներ, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ: «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասել է նաեւ, որ Ադրբեջանը երբեք չպետք է օրակարգ թելադրի Հայաստանին, ինչն այսօր մենք տեսնում ենք: Նա ւ ցանկություն չունի մեկնաբանել նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները:

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Բաքուն շահագրգռված է ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակով: Դա, ըստ նրա, պայմանավորված է հանգամանքով, որ Փաշինյանի հետ հեշտ է աշխատել, նա պարտության հոմանիշն է, նրա վրա հեշտ է ճնշում գործադրել: «Մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, մեր պատմական դաշնակիցը, մեր ընկերը, եւ մենք չենք ցանկանում մեր տեսակետը պարտադրել նրանց», ասել է Զատուլինը, հավաստիացնելով, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին:   

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ահազանգում է, որ Փաշինյանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գաղտնի, սեպարատ բանակցությունների մեջ է՝ շրջանցելով ու փաստի առաջ կանգնեցնելով Ռուսաստանին: Նա տարակուսել է, որ 2018-ից առաջ մեկ ծառահատման համար հանրային իրարանցում էր սկսվում, իսկ հիմա թշնամու զորքը 13 օր է Հայաստանի տարածքում է, բայց բոլորը լուռ են: Մինասյանը նշել է, որ Փաշինյանը գաղտնի, նրա բառերով՝ ժողովրդի մեջքի հետեւում պատրաստվում էր ստորագրել դավաճանական նոր փաստաթուղթ, որի արդյունքում Հայաստանը հրաժարվում է Արցախից, թշնամուն է հանձնվում Հայաստանից նոր տարածքներ, ինչի դիմաց Ադրբեջանը հանում է զորքերը Սյունիքից ու Գեղարքունիքից։ «Փաստորեն, Ադրբեջանը զորք է մտցրել Հայաստան, որպեսզի ստիպի Նիկոլին ստորագրել այդ 100% հայանպաստ փաստաթուղթը եւ սպառնում է, որ միայն այդ պարագայում կհանի զորքը», գրել է նախկին դեսպանը։   

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել, որ որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին երկրի սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով ինչ-որ քարտեզների: «Այդ պաշտոնյաներին ու հանրային գործիչներին զգուշացնում եմ՝ ձեր մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում են Հայաստանի ողջ բնակչության իրավունքներին ու օրինական շահերին: Դրանք թմրեցնում են մեր ժողովրդի զգոնությունը, վտանգում են մեր երեխաների իրավունքներն ու խաղաղ ապագան: Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանում հայատյացությունն ունի պետական հովանավորչություն: Հատուկ ընդգծում եմ, որ առկա պայմաններում Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու մեր քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքները, այլեւ դառնալու է իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, չի ապահովելու խաղաղություն տարածաշրջանում», նշել է Թաթոյանը:   

Ամերիկացի մի քանի տասնյակ կոնգրեսականներ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել դադարեցրել ԱՄՆ որեւէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Նրանք Բայդենին նաեւ կոչ են անում հրատապ կերպով վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը: «Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերը՝ մի երկիր, որն Արցախը էթնիկ զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանում»,- նշել է կոնգրեսական Դեւիդ Վալադաոն:   

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է երեք շաբաթով: Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից միջնորդություն է ստացվել արձակուրդ մեկնելու պատճառով նիստը հետաձգելու մասին: Ալեքսանյանը արձակուրդից կվերադառնա հունիսի 9-ին: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը մատնանշել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանն էլ հիշեցրել է նախորդ դատական նիստերին դատախազների բացակայության մասին, նաեւ ասել, որ ինքը նույնպես արձակուրդ է մեկնելու մինչեւ հունիսի 19-ը: Դատարանը նշել է, սակայն, որ Քոչարյանն այլ փաստաբաններ էլ ունի:   

Տնտեսական առաջընթացի մասին հերթական գրառումն է Ֆեյսբուքում արել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ հարուցելով բազմաթիվ օգտատերերի տարակուսանքը: «Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6%։ Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն` ավելանում։ Ձեր խոնարհ ծառա», գրել է նա։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը NEWS.am-ին ասել է, որ եթե ներդրումների հորձանք լիներ՝ Քերոբյանն ամեն օր երկրով մեկ կարմիր ժապավեններ պետք է կտրեր:   

Երեւանի ավագանու նիստին «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր 5 գործընկերների նախագիծը, որով առաջարկում էին մանդատից զրկել իրենց խմբակցության մեկ այլ անդամի՝ Գեւորգ Աճեմյանին: Գալջյանը նշել է, որ մանդատը ստանալու օրվանից Աճեմյանը չի մասնակցել ավագանու հերթական որեւէ նիստի, նաեւ անձնական շահերով պայմանավորված պախարակում է նախկին թիմակիցներին: Ընդդիմադիր անդամները հիշեցրել են, որ «Իմ քայլից» ուրիշներն էլ են բացակայում նիստերից, բայց մանդատից զրկվում է միայն քննադատող թիմակիցը: 37 կողմ, 5 դեմ ձայներով Գեւորգ Աճեմյանը զրկվել է մանդատից:   

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 157 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222139-ի: Մեկ օրում մահացել է 8 վարակված, մահացածների ընդհանուր թիվը 5477 է:

Վրաստանը որոշել է հունիսի 1-ից ճանապարհորդների համար բացել հարեւանների հետ ցամաքային սահմանները, որոնք 2020 թվականի մարտից փակ էին համավարակի պատճառով: Սակայն կան նաեւ նախապայմաններ. Վրաստանի ծովափ մեկնողները կարող են անցնել հայ-վրացական սահմանը վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն անցնելու պարագայում:   

Միացյալ Նահանգներում հնչել են հերթական կրակոցները: Երեքից ավելի մարդ է սպանվել երկուշաբթի Օհայո նահանգի Ուեսթ Ջեֆերսոն քաղաքում: Զոհերից երեքը հայտնաբերվել են Ջեքսոն սթրիթի վրա գտնվող տներից մեկում, եւս մի քանի դի հայտնաբերվել է շենքի մոտ, սակայն դրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Ոստիկանությունը զննում է տարածքը, պարզում զոհերի ինքնությունը:   

Հայ հանրության շրջանում վրդովմունքի ալիք է բարձրացրել համաշխարհային ֆուտբոլի հայ աստղ Հենրիխ Մխիթարյանին հավաքականի առաջիկա հավաքին չընդգրկելը. շատերի համոզմամբ, դա ոչ թե ազգային թիմի մարզչի, այլ քաղաքական իշխանության որոշումն է: Մխիթարյանի համար անակնկալ է եղել Խորվաթիայի եւ Շվեդիայի հավաքականների հետ առաջիկա ընկերական խաղերին մասնակցելու հրավեր չստանալը։ «Ի զարմանս ինձ, հավաքականի մարզչական շտաբից տեղեկացվեցի, որ ինչ-ինչ պատճառներով հրավիրված չեմ առաջիկա ընկերական խաղերին: Պաշտոնական հիմնավորումներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին եւ լավագույնն եմ մաղթում առաջիկա խաղերում»,- գրել է Մխիթարյանը, որն ի դեպ մաիկն է «Ռոմայից», որ ընդգրկվել է Իտալիայի Ա սերիայի խորհրդանշական հավաքականում: Այդ խաղերը կայանալու են հունիսի 1-ին եւ 5-ին:   

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով, կազմել է 520.57 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.28 դրամով ու հասել 638.01 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.43 դրամով ու հասել 738.22 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու կազմել 7.10 դրամ:   

Մայիսի 26-ին երկրի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել: Երեւանում եւս սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի 13-ից 15, վաղը ցերեկը 24-ից 26 աստիճան զրոյից բարձր:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ