Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում վճռորոշ չդարձավ: Այդ մասին հունիսի 24-ին նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նշենք, որ հանդիպումը կայացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանի նախագահն օրերս Ստրասբուրգում, գնահատելով Կազանում կայանալիք հանդիպումը, հայտարարել էր, թե կարելի է առաջընթաց ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չպահանջի: Ըստ նախարարի, Կազանի հանդիպումը վճռորոշ չդարձավ, քանի որ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը:
ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Դովիլում կոչ են արել համաձայնության հասնել Կազանում, նույնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ իր հեռախոսազրույցներում կոչ էր արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ Նիկոլա Սարկոզին ուղերձ էր հղել: Սակայն ադրբեջանական կողմը մոտ 10 փոփոխություն էր ներկայացրել, որոնք էլ պատճառ դարձան, որ Կազանի հանդիպումը վճռորոշ չդառնա:
«Համենայն դեպս, հանդիպումը, կարծում եմ, դրական էր այն իմաստով, որ շարունակվեցին նման քննարկումները»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը` հավելելով, որ ՌԴ նախագահը, ով վերջին երեք տարում զգալի ավանդ է ներդրել կարգավորման գործում, պատրաստակամություն է հայտնել շարունակել ջանքերը եւ համաձայնեցնելու սկզբունքները` դրանց շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար:
Նախարարը հիշեցրել է, որ վերջին 3 տարում սա 12-րդ հանդիպումն է եւ վերջին տարում սա արդեն 4-րդ անգամն է, որ կրկնվում է սցենարը, երբ Ադրբեջանը նոր առաջարկություններ է ներկայացնում: Միեւնույն ժամանակ Նալբանդյանն ասել է, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցային գործընթացն է:




























