News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ: Դատելով համացանցում տարածված տեսանյութից՝ ընդհարումն ադրբեջացիներն են սադրել, նրանք մոտեցել են հայկական վրաններին, փորձել հրահրել հայ զինծառայողներին, սակայն վերջինները հրմշտելով եւ հայհոյանքներով քշել են հակառակորդին: Այսօր առավոտյան, թերեւս ի պատասխան այս տեսանյութի, որում առավելությունը հայերի կողմն էր, ադրբեջանական աղբյուրները տարածել են մեկ այլ միջադեպի տեսանյութ, որում ակտիվորեն եւ հիմնականում անիմաստ հայհոյում եւ հետ ու առաջ են վազում ադրբեջանցիները:Վերջին օրերին համացանցում տարածվող նման տեսանյութերի առատությունից կարելի է եզրակացնել, որ սահմանին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վիճաբանությունները մշտական բնույթ են կրում։

Ի դեպ, այսօր Պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի մեղադրանքը, թե հայկական կողմը գնդակոծել է Ադրբեջանի տարածքը, նաեւ նշել, թե այդ մեղադրանքի նպատակը սեփական սադրանքներն ու նախօրեին հայ սերժանտի սպանությունը կոծկելն է:  

Այսօր Երեւան է ժամանել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Հանդիպման ընթացքում երկու պաշտոնյաները խոսել են Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին: Արա Այվազյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների այս ոտնձգությունը տարածաշրջանային խաղաղությունը վտանգող այդ երկրի գործողություններին, օրինակ, Արցախում Բաքվի սանձազերծած պատերազմին միջազգային եւ տարածաշրջանային ոչ համարժեք արձագանքի հետեւանքն է։ «Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից»,- նշել է Արա Այվազյանը։ Զարիֆը ավելի ուշ հանդիպել է նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ասել, որ Իրանը շահագռգված է Սյունիքում ավելի ակտիվ տնտեսական ներկայությամբ:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ ՀԱՊԿ-ը պետք է արագացնի Հայաստանի արեւելյան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ իր գործողությունները, նաեւ պարտավորություն ունի առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի, որպեսզի իրավիճակին գնահատական տրվի: Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունների մասին ամբողջ տեղեկությունը հայկական կողմը փոխանցելու են ՀԱՊԿ-ին, քննարկումներ սկսեն, հասկանան, թե իրավիճակին ինչ լուծում են տալու: Գրիգորյանը նաեւ ասել է՝ Փաշինյանի եւ Պուտինի միջեւ համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի Հայաստանի տարածքը: «Եթե խաղաղ դիվանագիտական ճանապարհով արագ չկարգավորվի դրությունը, ապա իրավիճակը մոտենալու է 4-րդ հոդվածում նկարագրված իրավիճակին եւ այդ դեպքում Հայաստանը իր ՀԱՊԿ գործընկերների հետ ստիպված է լինելու այլ կերպ լուծել խնդիրը»,- ասել է Գրիգորյանը:   

Մայիսի 26-ը արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնող քաղաքական ուժերի՝ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետն էր: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են տարել դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ցուցակում ընդգրկված է 153 թեկնածու: Երկրորդ նախագահին հաջորդում են դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանը եւ «Վերածնվող Հայաստանից» Աննա Գրիգորյանը: Առաջին տասնյակում են նաեւ այդ կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դաշնակցական գործիչներ Արմեն Ռուստամյանն ու Լիլիթ Գալստյանը:   

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հաջորդում են Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սերժ Սարգսյանի օգնական Աննա Մկրտչյանը, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀԿ երիտթեւի նախագահ Հայկ Մամիջանյանը, Անկախ պատգամավոր, նախկին իմքայլական Թագուհի Թովմասյանը, քաղաքագետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը:   

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում Նիկոլ Փաշինյանին հաջորդում են Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Սուրեն Պապիկյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արփինե Դավոյանը, Արսեն Թորոսյանը: Ցուցակի 14 համարը գործարար Գուրգեն Արսենյանն է, 16-ը՝ Գուրգեն Մելքոնյանը, նույն ինքը՝ արցախցի գործիչների դեմ սկանդալային հայտարարություններով հայտնի գեներալ Գագիկ Մելքոնյանը: Նա, ըստ մամուլի տեղեկությունների, մեծ կարողություն ունի: Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին նախորդող օրերին նա, չնայած զբաղեցնում էր պաշտպանության նախկին փոխնախարարի պաշտոնը, անցել էր ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմը, ապրիլի վերջերին պաշտոնանկ արվել:   

«Քաղաքացիական պայմանագրի» 3-րդ համար Լիլիթ Մակունցը, ընտրվելու դեպքում, թերեւս, չհասցնի ստանալ պատգամավորի մանդատը, քանի որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հաստատումը՝ ագրեմանը, Վաշինգտոնից արդեն ստացվել է: Ինչպես է ստացվել, որ իր ներկայացրած քաղաքական ուժը տարիներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին՝ ցուցակներում գործարարների ներառելու համար, իսկ հիմա ինքն է ընդգրկում Խաչատուր Սուքիասյանին եւ Գուրգեն Արսենյանին: Մակունցը պարզաբանել է, որ օրենսդրությունը թույլ է տալիս նրանց բիզնեսը հանձնել հավատարմագրային կառավարման եւ ազատվել խոչընդոտից. օրենքն արգելում է ոչ թե քաղաքականությամբ զբաղվելը, այլ դրանց համատեղումը՝ ասել է նա:   

Իշխող կուսակցության ցուցակում չկան նաեւ Տիգրան Ավինյանն ու Մխիթար Հայրապետյանը: Դեռ առավոտյան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Արտակ Մանուկյանը սոցցանցերում գրել էին, որ չեն մասնակցելու ընտրություններին։ Նրանք նշել են, որ իրենց որոշման մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեն։ Օգտատերերը նկատել են, որ Բաղդասարյանի եւ Մանուկյանի հայտարարությունները բառացի կրկնել են միմյանց եւ եզրակացրել, որ տեքստն իրենք չեն գրել այն: Ավելի վաղ արտահերթին չմասնակցելու մասին հայտարարել էր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։   

ԿԸՀ ներկայացված ԲՀԿ ցուցակի առաջին երեք համարներն են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը: Ցուցակում ընդգրկված թեկնածուներից շատերը լայն հանրությանը հայտնի չեն, սակայն, ինչպես նշել է ընտրացուցակի 8 համար Արման Աբովյանը, բոլորն էլ իրենց ոլորտի մասնագետներ են եւ շատ երիտասարդներ կան:

Լրագրողների հետ զրույցում Արման Աբովյանը պնդել է, որ կոալիցիայի հարց ԲՀԿ-ն չի քննարկում, քանի որ գալիս է հաղթելու եւ ինքնուրույն կառավարություն ձեւավորելու: Ցուցակից Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի բացակայությունը նա պարզաբանել է սերնդափոխության տրամաբանությամբ: Նկատենք, որ Էնֆիաջյանը 42 տարեկան է, Աբովյանը՝ 48: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ խմբակցության ամենաակտիվ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը եւս հայտարարել էր, որ չի մասնակցելու ընտրություններին:   

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր, կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Երկրորդ համարը իրավաբան Արտյոմ Գեղամյանն է, երրորդը՝ Անի Սամսոնյանը։ Դավիթ Խաժակյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելը։   

«Հայ Ազգային Կոնգրեսի» ցուցակը, ինչպես եւ սպասվում էր, գլխավորում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարը կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է, երրորդը՝ Ինեսա Գաբայանը։ Ցուցակում կա 101 թեկնածու։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացրած ցուցակում կա 103 թեկնածու: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հաջորդում են արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը եւ Երեւանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը: Վերջինը ՔՊ-ի հնարավոր համագործակցության հարցին պատասխանել է. «Ամեն ինչ կախված է ընտրության արդյունքներից»:

5 կուսակցություններ ներառող «Ազատ Հայրենիք» դաշինքի ցուցակը գլխավորում է «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանը, երկրորդ տեղում Անդրիաս Ղուկասյանն է, երրորդում՝ Աննման Խաչատրյանը՝ ԱԻՄ-ից: Ցուցակում ներառված չէ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:    

«Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 85 թեկնածու: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը:   

«Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության ներկայացրած ընտրացուցակը գլխավորում է գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։ Նրան հաջորդում են ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը։   

Ազգային ժողովրդավարկան բեւեռը ԿԸՀ է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Ժիրայր Սեֆիլյանը ցուցակում ընդգրկված չէ, քանի որ նրա քաղաքացիության տարիները չեն բավարարում պահանջվող պայմաններին: ԱԺԲ-ի ցուցակի առաջին 3 համարներն են Վահե Գասպարյանը, Վարուժան Ավետիսյանը եւ Կառա Չոբանյանը:   

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Սուրեն Սահակյանը, երկրորդ տեղում Գոռ Հակոբյանն է, երրորդում՝ Իրինա Հովհաննիսյանը:   

Ազգային ժողովում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան գործունեության մասին հաղորդման ժամանակ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը գոհունակություն է հայտնել Հանրային հեռուստաընկերության աշխատանքից, շեշտելով, որ Պետրոս Ղազարյանի հյուրերի ցանկը բազմազան է, քան երբեւէ եղել է Հանրայինում: Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարել է, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը դիտելիս մարդը ենթարկվում է հոգեբանական բռնության եւ եթե որեւէ ընդդիմադիր հանդգնում է հյուրընկալվել նրան, ապա այնտեղից հեռանում է մինչեւ վերջ ստորացված:   

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 222269 է։ Մեկ օրում մահացել է 13 վարակված, մահացածների ընդհանուր թիվը 5490 է։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլեւս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված, այսինքն երկու դեղաչափ ստացած քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից: Նկատենք, որ բաց տարածքներում քաղաքացիների մեծ մասն առանց այն էլ դիմակ չէր կրում:   

Մալաթիայի գուղմթերքների շուկայից հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված մի կնոջ եւ մի տղամարդու: Վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում են եւ չեն կարողացել բացատրություն տալ: Իրավապահները փորձում են պարզել ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը:   

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.11 դրամով, կազմել է 520.68 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով ու կազմել 637.42 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.52 դրամով ու կազմել 737.70 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել 7.08 դրամ:

Հանրապետության տարածքում վաղը սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Երեւանում կլինի առանց տեղումների եղանակ: Գւշերը մայրաքաղաքում կլինի 10-12, վաղը ցերեկը 28-30 աստիճան տաքություն:   

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ