News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի քննադատությունից հետո Պակիստանում մտափոխվել են քրիստոնյա զույգին մահապատժի ենթարկելու մտադրությունից: Ըստ AFP-ի՝ գործի առթիվ Եվրախորհրդարանի քննադատությունից մի քանի շաբաթ անց, Պակիստանի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել հայհոյանքի համար մահապատժի դատապարտված ամուսիններին:

Շավկատ Էմանուելը եւ Շադուֆտա Կաուսարը բանտարկվել են 2014 թվականին` Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանք պարունակող հաղորդագրություն ուղարկելու մեղադրանքով, չնայած այն բանին, որ երկուսն էլ անտառաճանաչ են եղել:

Ամուսինների փաստաբանը հայտնել է, որ նրանք արդարացվել են՝ բողոքարկելով Լահորի Գերագույն դատարան:

Պակիստանում «իսլամին վիրավորելու» համար մահապատիժ է սպառնում: Սա այնքան սուր խնդիր է երկրում, որ նույնիսկ չհիմնավորված մեղադրանքների դեպքում կասկածյալի նկատմամբ հաշվեհարդար կարող են տեսնել հենց նրա հարեւանները:

2009 թվականին Ղուրանը պղծելու մասին լուրերից հետո ամբոխը հարձակվել է քրիստոնյաների թաղամասի վրա՝ այրելով 77 տուն եւ սպանելով առնվազն յոթ մարդու:

Իրավապաշտպանները նշում են, որ մեղադրանքները հաճախ ներկայացվում են անձնական վեճերը լուծելու համար:

Կաուսարը եւ Էմանուելը դատապարտվել են մի խանութպանի բողոքից հետո, որը պնդել է, որ տեսել է տեքստային հաղորդագրությունը:

Ապրիլին Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել բանաձեւին, որով դատապարտում է Պակիստանին կրոնական փոքրամասնություններին՝ ներառյալ ահմադիներին, շիաներին, հինդուներին, քրիստոնյաներին եւ սիկհերին պաշտպանել չկարողանալու համար:

«Պակիստանում 2020 թվականին իրավիճակը շարունակում էր վատթարանալ, քանի որ կառավարությունը պարբերաբար կիրառում էր աստվածանարգության մասին օրենքները եւ չէր պաշտպանում կրոնական փոքրամասնություններին չարաշահումներից», - ասվում է բանաձեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ