News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիպրոսի՝ Թուրքիայի կողմից օկուպացված հատվածում նոր սկանդալ է հասունանում: Ըստ Ahval-ի, իրենց We Are Reporting Group անվանող մի խումբ գիտնականների, քաղաքական գործիչների, ակտիվիստների եւ իրավաբանների կողմից հրապարակված զեկույցում մանրամասն ներկայացված է Անկարայի միջամտությունը Կիպրոսի գրավյալ հյուսիսային մասում «նախագահական ընտրություններին» անցյալ տարվա հոկտեմբերին, ներառյալ Թուրքիայի հետախուզության կազմակերպության (MİT) սպառնալիքները թեկնածուների նկատմամբ:

Հոկտեմբերի 18-ին նախկին վարչապետ Էրսին Թաթարը ընտրվել էր հյուսիսային Կիպրոսի «նախագահ»՝ Մուստաֆա Աքինջիի դեմ քվեարկության երկրորդ փուլից հետո:

2015-ի ապրիլին ստանձնելով իր պաշտոնը՝ Աքինջին, ՄԱԿ-ի մանդատի համապատասխան, ստեղծել էր երկհամայնքային, երկգոտի ֆեդերացիա՝ կղզին վերամիավորելու եւ 1974-ի թուրքական ռազմական ներխուժումից ի վեր գոյություն ունեցող բաժանումները դադարեցնելու համար: Նա նաեւ կոչ էր արել իրավահավասար հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Դա հանգեցրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հակամարտության:

Մյուս կողմից, Թաթարը սատարում է Էրդողանին երկու պետությունների համակեցության լուծման հարցում եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում Անկարայից հանրային աջակցություն է ստացել: Սակայն այժմ կարծես թե այս օգնությունը շատ ավելի հեռու է գնացել, քան նախկինում համարվում էր:

We Are Reporting Group-ը, ելնելով նախընտրական արշավի մասնակիցների հետ հարցազրույցներից, ասում է, որ իրենք գտել են քվեարկությանը Թուրքիայի միջամտության «ակնհայտ ապացույցներ»՝ կասկածի տակ դնելով «ընտրված թեկնածուի օրինականությունը»:

«Ինձ եւ իմ ընտանիքին սպառնում էին մահվամբ, եւ ես զրպարտության արշավների ու տրոլների հարձակումների թիրախ դարձա»,- ասել է Աքինջին: Թուրքական հետախուզության գործակալները Աքինջիին հրամայել են հանել իր թեկնածությունը «հանուն իր ընտանիքի»:

Նախկին նախագահը հոկտեմբերի 11-ի ընտրություններին ընդառաջ եթերային հարցազրույցի ժամանակ առաջին անգամ մեղադրանքներ է հնչեցրել: Թուրքիայի դեսպանատունը հետագայում հերքել էր այս մեղադրանքները: «Աքինջիի հայտարարությունները «բոլորովին էական չեն»:

Բայց զեկույցի հեղինակների հետ զրույցում Աքինջիի նախընտրական շտաբի պետ Չենկ Գյուրչագը ավելի մանրամասն է խոսել թուրքական հետախուզության հետ իր փոխգործակցության մասին: Գյուրչագը պատմել է, որ սեպտեմբերի 17-ին Ահմեդ անունով MIT ներկայացուցիչը զանգահարել է իրեն եւ հրավիրել հանդիպման կղզու հյուսիսային ափին գտնվող Merit Park հյուրանոցի ռեստորանում:

Հանդիպմանը մասնակցել են Անկարայից երեք հոգի, որոնք բոլորը MİT-ից են եղել: «Նրանք խնդրեցին ինձ ասել պարոն Աքինջիին, որ հետ վերցնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններից»,- ասել է Գյուրչագը:

Նման ճնշման է ենթարկվել նաեւ մեկ այլ թեկնածու՝ Սերդար Դենքթաշը՝ հյուսիսային Կիպրոսի նախկին «նախագահ» Ռաուֆ Դենքթաշի որդին:

Դենկթաշը զեկույցում նշել է, որ ընկերոջ տանը MIT ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ իրեն խնդրել են հանել իր թեկնածությունը: Ի պատասխան, նրա խոսքով, իրեն առաջարկվել է Էրդողանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկար: «Թուրքիայից կղզի ուղարկվեց 27 հոգանոց մի խումբ, եւ ընտրությունների ժամանակ այս թիմի հետ միասին աշխատում էր մոտ 400 մարդ»,- ասել է Դեկթաշը:

Նա նաեւ պնդում է, որ ընտրություններից երկու օր առաջ որոշ քաղաքացիների գումար է փոխանցվել՝ նրանց ձայներն ապահովելու համար:

Ընդհանուր առմամբ զեկույցի արդյունքները ցույց են տալիս ոչ միայն քաղաքական միջամտությունը, այլեւ հյուսիսային Կիպրոսի «ժողովրդավարական ինստիտուտները» լրջորեն խարխլելու փորձը:

«Կիպրոսցի թուրքերի քաղաքական կյանքը լի է տարբեր մակարդակներում թուրքական միջամտության օրինակներով»,- ասում են հետազոտողները: «Զեկույցի նպատակն է պատմության մեջ գրանցել այս իրադարձությունները եւ նպաստել կիպրոսցի թուրքերի քաղաքական կամքին հետագա միջամտությունը կանխելու ջանքերին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ