News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գործող իշխանությունները հաճախ են  խոսում ստվերի կրճատման մասին, սակայն «մոռանում  են» նշել, որ 2019 թվականի տնտեսական «աճի» համար պարտական են եղել նույն «նախկիններին»։ Եթե «նախկինները» ստվերային տնտեսությունն էին թողել, ապա «ներկաները» ի՞նչ են թողնելու հաջորդ իշխանությանը․․․  թերես միայն ստվեր։

Ամենամեծ խնդիրն այն է, որ տնտեսության ստվերային հատվածի կրճատումը ոչ միայն կասկածելի է, այլ նաև անհամաչափ, քանի որ հարկային բեռը զգալի ավելացել է հատկապես փոքր և միջին բիզնեսի համար։

2018 թվականի իշխանափոխության տարվա ընթացքում նոր իշխանությունները թերակատարեցին  պետական բյուջե հարկային եկամուտների հավաքագրումը, և, հետևաբար, ստվերի կրճատման մասին խոսք չի կարող լինել: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1,257.8 մլրդ դրամ, որը 2018 թվականի բյուջեով հաստատված պլանից՝ 1.261.5 մլրդ  դրամ, պակաս է շուրջ 3.7 մլրդ դրամով: Այն դեպքում, երբ 2018 թվականին պաշտոնապես գրանցվել է 5,2% ՀՆԱ-ի աճ, որը պլանային աճից ավելի բարձր էր։

Իրականում 2018 թվականի բյուջեի թերակատարումը ավելի մեծ է եղել: Դա մեղմելու համար 2018 թվականի դեկտեմբերին ՊԵԿ-ը 3-5 օրվա մեջ 2 անգամ ստուգում է բացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա և առանց փաստացի ստուգում կատարելու կազմել է ստուգման ակտեր՝ արձանագրելով շուրջ 10.0 մլրդ դրամից ավելի հարկային պարտավորություններ: Այդ գումարները 2018 թվականի դեկտեմբերին ձևակերպվել են որպես հարկային մուտքեր,  որից հետո 2019 թվականի հունվար ամսին վերադարձվել են ընկերությանը: Այսինքն՝ ապօրինի և տեխնիկական միջամտությամբ հարկային եկամուտների հավաքագրման իմիտացիա է արվել։

2019 թվականի հունվար ամսվա համար շահութահարկը և մետաղական հանքերից վճարված ռոյալթիները բացասական թվեր են: Դա տեղի է ունենում հարկերի վերադարձի դեպքում, ինչը և հաստատում է վերը բերված պնդումը:

Իշխանությունները հաճախ են պարծենում 2019 թվականի ցուցանիշներով, և պատահական չէ, որ նույնիսկ նախընտրական քարոզչական նյութերում 2020 թվականի տվյալները կամ չկան կամ միայն դրական ցուցանիշներն են ներկայացնում։

Եվ այսպես՝ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1,464.4 մլրդ  դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է եղել շուրջ 206.5 մլրդ դրամով: Միաժամանակ, նախորդ տարվա համեմատ ևս 75.5 մլրդ դրամ ավել գերավճար վերադարձվել է բիզնեսին: Այսինքն, գումարային աճը կկազմի 282.0 մլրդ  դրամ:

Անշուշտ, հանրության անհրաժեշտ է պարզաբանել հարկերի հավաքագրման աճը, ինչի՞ հաշվին է եղել․

Նախ․ պայմանավորված Հայաստանի ԵԱՏՄ շրջանակում արտոնյալ կարգավիճակով՝ ավտոմեքենաների ներկրման աննախադեպ աճ գրանցվեց, շուրջ 208 հազար մարդատար ավտոմեքենաներ ներկրվեցին  Հայաստան՝ հիմնականում Ռուսաստան և Ղազախստան վերարտահանելու նպատակով։ Այս արտոնության ժամկետն ավարտվեց 2020 թվականի հունվարի 1-ին։ Այուամենայիվ, 2020 թվականին միայն այդ ավտոմեքենաների ներմուծման հաշվին պետական բյուջեի եկամուտները ավելացան շուրջ 65.0 մլրդ դրամով։

Առաջին․ ներդրումային գրավչության տեսանկյունից խիստ մտահոգիչ էր, որ ՀՀ ինքնուրույն հարկային համակարգի ձևավորման պատմության մեջ առաջին անգամ՝ ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները սկսել են հարկվել 5 % եկամտային հարկով (մինչ այդ չէին հարկվում), որի միջոցով հարկային եկամուտները ավելացան շուրջ 15.0 մլրդ դրամով։

Երկրորդ, զուտ բյուջե լցնելու նպատակով 2019 թվականի հունվար 1-ից ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը բարձրացավ 10 %-ով, ինչի շնորհիվ հարկային մուտքերը աճեցին մոտ 19.6 մլրդ դրամ.

Երրորդ․ 2019 թվականին անվանական ՀՆԱ-ն աճել է 9.1 %-ով և  հարկերի բնականոն (առանց ստվերի կրճաըման վարչարարական ջանքերի) մուտքերի աճը կազմել է 132.8 մլրդ. դրամ:

Չորրորդ․2019 թվականին բնապահպանական և բնօգտագործման հարկի (բացի մետաղական հանքերից) դրույքաչափերն ավելացել են 10 %-ով, որը պետական բյուջե ապահովել է 2.0 մլրդ դրամ:

Այո, 2020-ը ճգնաժամային տարի էր բոլոր երկրների համար։ Եթե համաշխարհային տնտեսությունը միջինում անկում է գրանցել 3,4%, ապա Հայաստանի տնտեսության անկումը կազմում է 7,6%, այսինքն՝ կրկնակի  ավելի շատ։ Այստեղ ակնհայտ են դառնում Հայաստանի տնտեսության ճգնաժամային կառավարման ձախողումները։

2020 թվականին արձանագրվել է, որ ի սկզբանե հաստատված պլանի համեմատ բյուջեի հարկային եկամուտները թերակատարվում են 216.8 մլրդ դրամով կամ 13,5%-ով, որը լրացնելու համար Փաշինյանի կառավարությունը կրկնակի ավելացրել է բյուջեի դեֆիցիտը (պարտքը)։

Ամփոփելով՝ փաստենք, որ 2018-2020 թվականների ընթացքում բյուջեում եկամուտների աճ է գրանցվել միայն 2019 թվականին (2018-ին և 2020-ին արձանագրվել է թերակատարում), որից ստվերին բաժին ընկնող մասը կազմում է առավելագույնը 48 մլրդ դրամ: Երեք տարվա մեջ նման արդյունք արձանագրող իշխանությունները չեն կարող խոսել ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարի  մասին:

Արամ Աճեմյան

Տպել
Ամենաշատ