News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը 269 մլն դրամ է հատկացրել Վեդիի՝ տարիներ ձգվող ջրամատակարարման խնդիրները լուծելու նպատակով: Վեդի քաղաքի ջուրը հիմնականում ստացվում է Ջերմանիսի աղբյուրից՝ վայրկյանում մոտ 50 լիտր քանակով, ևս 10 լ/վ գալիս է Գառնի-Երասխավան մայրուղային ջրատարով: Սակայն քաղաքում գործող 2 օրվա կարգավորիչ ջրամբարների վթարայնությամբ պայմանավորված՝ ջրի մի մասը մինչև վերջերս կորչում էր:

Հնարավոր չէր լինում պահանջված քանակությամբ ջուր կուտակել, ինչը բացասաբար էր անդրադառնում քաղաքի ջրամատակարարման տևողության վրա: Խնդրի լուծման նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերությունը հին ջրամբարների հարևանությամբ կառուցեց և օրերս շահագործման հանձնեց երկու նոր ջրամբար՝ յուրաքանչյուրը 1000-ական խորանարդ մետր տարողությամբ:

Ծրագրի շրջանակում «Վեոլիա Ջուր» ընկերության միջոցներով արդիականացվում է նաև քաղաքի ներքին բաշխիչ ցանցը։ Ջրի անբավարարության պատճառներից մեկը ջրի կորուստն է հենց ներքին բաշխիչ ցանցում, մյուս պատճառը բնակիչների կողմից ապօրինի օգտագործումն է ոռոգման նպատակով, ինչն առավել զգալի է ամռանը: Ծրագրի երկրորդ փուլով, որի արժեքը 84 մլն դրամ է, արդեն կառուցվել է 3300 մետր երկարությամբ նոր ջրագծեր, որոնք, ի տարբերություն բնակիչների այգիներով անցնող գործող խողովակաշարերի, ձգվում են փողոցներով։

Այսպիով բացառվում են ապօրինությունները, հոսակորուստը, բարձրանում է բաշխիչ ցանցի շահագործման հուսալիությունը: Դրա շնորհիվ քաղաքի մոտ 25 տոկոսը՝ 500 ընտանիք արդեն ապահովված է շուրջօրյա ջրով:

Ներկայումս արագ տեմպերով Վեդիի թվով 4 փողոցներում կառուցվում է ևս 2280 գծամետր ընդհանուր երկարությամբ ջրագծեր: Տեղի 100 անհատական տնատիրությունների համար նաև նախատեսվում են դիտահորեր, ուր կվերատեղադրվեն ջրաչափերը: Ծրագրի այս երրորդ փուլը, 43 մլն դրամ արժեքով, կավարտվի 3 ամիս անց և այստեղ ևս ջրամատակարարումը բարելավված ժամանակացույցով կիրականացվի նորակառույց ջրամբարներից:

Ներգրավված շինարարական կազմակերպությունից բացի, Վեդիում սեփական ուժերով ևս 1000 գծամետր ջրագիծ է կառուցում Վեոլիա ջուր ընկերության «Հարավ» շահագործման տնօրինությունը: Այսպիսով, արվում է հնարավորը արդեն առաջիկայում քաղաքում բաշխիչ ցանցի արմատական վերակառուցման ու այդ միջոցով սպառողներին կայուն և բարելավված ջրամատակարարմամբ ապահովելու համար:

Տպել
Ամենաշատ