News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված «Ս-400» զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) մասով Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե, հնարավոր չէ, որպեսզի [Բայդենի հետ բանակցություններում] «Ս-400»-ի հարցը մեր օրակարգում չլիներ: «Ս-400»-ի մասով ես հայտնեցի նույն կարծիքը, որը մենք ունեինք ավելի վաղ: Ես նաեւ հայտնել եմ այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք համատեղ ձեռնարկել պաշտպանական արդյունաբերության հետ կապված»,- ընդգծեց Թուրքիայի ղեկավարը:

Ըստ Էրդողանի` նա նույնն ասել է նաեւ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների հետ կապված իրավիճակի մասին:

Ռուսաստանը եւ Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային «Ս-400» համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանի Դաշնությունից: Անկարայի որոշումը առաջացրեց Վաշինգտոնի եւ ընդհանուր առմամբ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: ԱՄՆ-ն չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Վաշինգտոնը նախկինում Անկարային բացառել էր ԱՄՆ F-35 արտադրական ծրագրից: Էրդողանն անցյալ հոկտեմբերին ասել էր, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել «Ս-400»-ներից` չնայած Վաշինգտոնի կողմից գործադրվող ճնշմանը: Նա նաեւ մերժել էր պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները եւ առաջարկել էր, որպեսզի Միացյալ Նահանգներն իսկապես փորձեն իրականացնել դրանք:

Էրդողանը կարծում է, որ Անկարան եւ Վաշինգտոնն անլուծելի խնդիրներ չունեն եւ անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել երկխոսությունը:

«Մենք կառուցողական եւ մանրակրկիտ բանակցություններ ենք վարել: Մենք պայմանավորվեցինք ակտիվորեն օգտագործել երկխոսության ուղիները: Կարծում եմ, որ մենք ԱՄՆ-ի հետ անլուծելի խնդիրներ չունենք»,- ասել է նա:

Էրդողանը հավելել է, որ Բայդենի կողմից նա փոխադարձ հիմքերով «երկկողմ հարաբերությունների զարգացման վճռականություն» է տեսել, ինչ ունի Թուրքիան:

Բացի այդ, Թուրքիայի նախագահն ասել է, որ իր ամերիկացի գործընկերոջը հրավիրել է այցելել հանրապետություն: «Նա [Բայդենը] ասել է, որ հրավերը որպես իր ծրագրի մի մաս կգնահատի»,- հավելել է Էրդողանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ