News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը 2021թ. հունիսի 7-11-ը աշխատանքային այցով գտնվում էին Վաշինգտոնում։

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի նպատակը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության տրամաբանությամբ ամերիկյան գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը ներկայացնելը, առկա մարտահրավերները քննարկելն ու արդարադատության ոլորտում ծավալված համագործակցության շրջանակն ընդլայնելն էր։

Այցի շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթի, Պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Լորա Կուպերի, պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի և նրա Եվրոպայի հարցերով տեղակալ Վենդի Սիլվերմանի հետ։

Նախարարի առաջին տեղակալը գործընկերներին ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, դրանց՝ այս փուլի արդյունքները, կոռուպցիայի դեմ պայքարի ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման հաջողությունները, ոստիկանության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։ Զրուցակիցներն անդրադարձել են թե՛ հաջորդիվ գործողություններին և թե՛ բարեփոխումների ընթացքի մարտահրավերներին։

ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել 2020 թվականի համավարակի և ապա պատերազմի դժվարությունների պայմաններում բարեփոխումների ընթացքի շարունակությունն ապահովելու կառավարության ջանքերը, ինչպես նաև արդեն իսկ արձանագրված արդյունքները։

ԱՄՆ կողմի զրուցակիցները նշել են, որ տարածաշրջանում այլ պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը մինչ այս արդեն իսկ վերհանել է կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար ընդհանրական մարտահրավերներ, սակայն Հայաստանի դեպքում արձանագրել են քաղաքական ուժեղ կամքի առկայությունը ժողովրդավարական, կարող հաստատություններ ձևավորելու առումով։

Պետքարտուղարության ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կոռուպցիան դիտում է որպես ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, և իրենք համակրանքով են հետևում Հայաստանի կառավարության կողմից այդ ոլորտում իրականացվող քայլերին, որոնք կրում են ինստիտուցիոնալ և հիմնարար բնույթ։

Նախարարի առաջին տեղակալը հանդիպել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Մարգոթ Էլիսին և նրա տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկուն։ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին ավանդական բարձր մակարդակի համագործակցության համար։ Ի թիվս բազմաթիվ հաջողված ծրագրերի՝ տեղակալ Գրիգորյանը մատնանշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նախնական փուլում տրամադրված աջակցության, ինչպես նաև Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի աջակցության ծրագիրը, որը պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ու տարածման լավ օրինակ է։

ԱՄՆ ՄԶԳ  գործընկերները ներկայացրել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին աջակցության մի քանի միլիոն դոլարանոց երկու մեծ ծրագրերի մեկնարկի մանրամասները։

Վաշինգտոնում Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության միջազգային բյուրոյի (INL) տնօրենի փոխտեղակալ Քեյթ Սցպիլայի, արդարադատության քարտուղարության «Քրեական հետաքննությունների վերապատրաստման աջակցության միջազգային կենտրոնի» (ICITAP) տնօրեն Գրեգ Դուկատի և նրա թիմի հետ։ Քննարկումների առանցքում եղել են ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ներառյալ՝ նոր Պարեկային ծառայության, Ներքին գործերի նախարարության ձևավորման աջակցության, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ինստիտուցիոնալ կայացմանն աջակցելու հարցերը։ Զրուցակիցները վերահաստատել են այս ուղղություններով ԱՄՆ կառավարության կողմից 2020 թվականին ներդրված աջակցությունը շարունակելու և ըստ կարիքների ընդլայնելու նպատակադրումը։ 

Այցի ընթացքում հեռավար հանդիպում է տեղի ունեցել նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի,Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահի տեղակալ Ադամ Շիֆի, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամների աշխատակազմի ավագ խորհրդականների հետ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հետաքրքվել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքով և արձանագրված արդյունքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում». ԱՄՆ դեսպանը՝ սահմանագծում
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ...
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է հայ–ադրբեջանական սահման
NEWS.am-ի տեղեկություններով՝ դեսպանը եղել Գեղարքունիքի սահմանին...
Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպեց Աշխատանքի և սոցիալական…
Ներդրումային մթնոլորտը գնահատող միջազգային ցուցիչներով Հայաստանը լավ արդյունքներ է գրանցել
Հայաստանում ներդրողների համար առկա են բազմաթիվ հնարավորություններ, իսկ...
ԵՊՀ-ում մեկնարկում է «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ նոր մագիստրոսական ծրագիրը
Հայ-ամերիկյան հարաբերություններ հիմնվում են ընդհանուր արժեքների ու ամուր գործընկերության վրա։ ԱՄՆ դեսպանությունն հպարտ է աջակցել այս…
Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հայտարարում է ԱՄՆ կառավարության շրջանավարտների վերապատրաստում
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» վերապատրաստում Հայաստանում...