44-օրյա պատերազմում ես գտնվում էի Օմարի լեռնանցքում. Մենք Օմարը պահեցինք անառիկ, թուրքը մի մետր չեկավ առաջ, իսկ հարավային թեւում, որտեղ ներկայիս Քոչարյանի թիմն էր, պարտվեցինք: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Սյունիքի մարզում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին փոխնախարարը, ՔՊ-ի ցուցակում ընդգրկված Գագիկ Մելքոնյանը:
«Պետք է հարց տանք՝ ինչո՞ւ պարտվեցինք: Թե՞ Հայաստանում իշխանությունն էր պետք: Իրենք բոլորով պետք է գային Ստեփանակերտ եւ մենք միասին այնտեղ պաշտպանեինք mեր հայրենիքը, որ սահմանները չհասնեին Հայաստանին»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի զինուժի Սյունիք ներխուժմանը, Մելքոնյանն ասաց. «Իրենք ներխուժել են, դուրս չեն գալիս, հիմա պետք է բոլորս համախմբված լինենք, որ իրենք մեզնից վախենան, ոչ թե պառակտվենք: 25 կուսակցություն է մասնակցում ընտրություններին:
Կրակելը նշանակում է նոր պատերազմ. Մենք պատրա՞ստ ենք պատերազմի: Նրանք մեզ տանում են սադրանքների, որ կրակոց լինի, զոհ լինի, որ իրենք լայնածավալ հարձակում սկսեն: Դա իրենց այս պահին ձեռնտու է, այս պառակտված վիճակում, որ Սյունիքը զանգերից էն կողմ կտրեն, վերցնեն: Դա մեզ ձեռք չի տալիս»:
Հարցին, թե ադրբեջանցիները կմտնեի՞ն, եթե սահմանը պաշտպանված լիներ, Մելքոնյանը պատասխանեց. «Մեր սահմանը 2 անգամ երկարել է: Հիմա մենք պետք է կարողանանք սահմանը պահել եւ բանակը վերակառուցել, վերազինել, որ կարողանանք հետագա հարձակումներից պաշտպանենք մեր երկիրը»: