News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր մեկնարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ութամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայնագիրն այսօր ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար՝ Աննա Մազմանյանը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ հայաստանյան ներկայացուցիչ՝ Ռայմունդ Յելեն։

Ծրագրի նպատակն է 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում:

Կանաչ կլիմայի հիմնադրամի ութամյա ծրագիրը կխարսխվի Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բոլցանո ինքնավար նահանգի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՊԳԿ-ի տրամադրած ֆինանսավորման և տեխնիկական հմտությունների վրա։ 

Համաձայնագիրն այսօր ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար՝ Աննա Մազմանյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ՝ Ռայմունդ Յելեն։

«Կանաչ կլիմայի հիմնադրամի «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը մեծապես կնպաստի անտառների՝ կլիմայի փոփոխության մեղմման վիթխարի կարողությունների ամրապնդման ռազմավարության իրագործմանը, որը կյանքի կկոչվի գլխավորապես անտառների դեգրադացման կրճատման, նոր անտառներ տնկելու և գոյություն ունեցող անտառների կառավարման օգնությամբ», - նշեց Մազմանյանը:  

Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է։ Երկրի ներկա կլիմայական միտումները և կանխատեսումները վկայում են, որ հետագայում օդի միջին ջերմաստիճանի բարձրացում, տեղումների և գետահոսքերի նվազում և  ձյան ծածկույթի կրճատում է սպասվում: Բնակչությունը մեծապես կախված է վառելափայտից, որի հետևանքով կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն անտառները է՛լ ավելի մեծ սթրեսի են ենթարկվում։

«Ծրագիրը կարևորագույն հենանիշ է ինչպես Փարիզյան համաձայնագրի ներքո՝ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների կյանքի կոչման, այնպես էլ աղքատության հիմնախնդրի լուծման և կենսակայուն էներգիայի սպառման համար», - նշեց Ռ. Յելեն։

Ծրագրի թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզը և հարավում՝ Սյունիքի մարզը։ Այս երկու մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև կարևոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ Կենսապահովման միջոցների բազմազանեցման և անտառների կառավարմանն ավելի ակտիվ մասնակցության շնորհիվ ավելի քան 377,000 մարդ (ընդհանուր բնակչության 12 տոկոսը) ծրագրի ուղղակի շահառու կդառնա:

Կանաչ կլիմայի հիմնադրամի ներդրումների արդյունքում ակնկալվում է, որ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման շնորհիվ 20 տարվա ընթացքում շուրջ 20 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ մթնոլորտ չի արտանետվի։

«ՀՀ կառավարությունը բնապահպանական խնդիրները և, մասնավորապես, անտառների կայուն կառավարումը ազգային և պետական գերակա ոլորտների շարքն է դասում, քանի որ կայուն կառավարման պարագայում անտառներն անփոխարինելի դեր ունեն կլիմայի փոփոխության մեղմման և կենսաբազմազանության պահպանման գործում», - հավելեց Ա. Մազմանյանը։  

Ծրագրի նպատակները կյանքի կկոչվեն ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։

Տպել
Ամենաշատ