News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի զինվորների զանգվածային խոշտանգումների մասին մեծ աղմուկ բարձրացրած «Տերտերի գործը» կրկին քննարկում են իշխանություններն ու իրավապաշտպանները։ 2017 թվականին ավելի քան 100 զինվոր դարձել է զորամասում խոշտանգումների զոհ, որտեղ նրանցից պահանջել են խոստովանել հօգուտ Հայաստանի լրտեսելը: Նրանցից շատերը զոհվել են։ Անցել է 4 տարի, սակայն դեռեւս նոր մանրամասներ են ի հայտ գալիս, հաղորդում է BBC-ը:

Ադրբեջանի իշխանությունը չի մեկնաբանում պաշտոնյաների դեմ ուղղված մեղադրանքներն ու կոչ է անում հետ չբերել անցյալը, իսկ իրավապաշտպանները պնդում են, որ խոշտանգումների պրակտիկան արմատախիլ չի արվել եւ կշարունակվի, եթե ոչինչ չարվի:

BBC-ի ադրբեջանական ծառայության ֆիլմում զինվորական Ռուսլան Մամեդովը պատմում է իր պատմությունը:

Պայմանագրային Ռուսլան Մամեդովին ու երեք այլ զինվորների տարել են հին զորամաս, նախ նրանց մերկացրել են։ Նրանք բարձրացել են երկրորդ հարկ, որտեղ առաջինը, ինչ տեսել են, եղել է պատգարակի վրա դրված այլանդակված դի։ «Ես նայում էի դիակին, նրա դեմքը սարսափելի տեսք ուներ, ինչպես ասեմ, անգամ ավտովթարից հետո դեմքն այդպես չի այլանդակվում, բերանում ատամ էլ չկար»,-պատմում է Մամեդովը:

Նրա խոսքով՝ թե ինչում են մեղադրել զինվորին՝ չեն բացատրել։ Ում անունը պետք է ասեր՝ նույնպես չգիտեր: Միջանցքի երկարությամբ դեպի փոքր սենյակներ տանող դռներ են եղել, որտեղից լսվել են լացի ու գոռոցների ձայներ։

«Ասես սպանդանոց լիներ, հատակն արյան մեջ էր, իսկ մերկ ոտքերը սայթաքում էին դրա վրա...այնպիսի ճիչեր էին լսվում, մարդիկ ոռնում էին, աղաչում էին Աստծուն, մայրիկ էին կանչում»,-պատմում է նա:

Նա նշել է, որ խոշտանգումները շարունակվել են 20 օր։ Խոշտանգումներից առաջ կապել են Ռուսլանի աչքերն այնպես, որպեսզի նա չտեսնի, թե ով է իրեն խոշտանգում։

Նմանատիպ մանրամասներ են BBC-ին պատմել նաեւ այլ տուժածներ ու նրանց հարազատները։

«Նրանք այնպես էին հարվածում կրունկներիս, որ ցավը հասնում էր գլխիս...Չգիտեմ, երեւի ինչ-որ կերպ կապված են գլուխն ու ոտքերը, ես սկսեցի հիշել իմ ողջ մանկությունը»:

Ավելի ուշ նրա վրա սառը ջուր են լցրել ու հոսանք են միացրել ատամներին, իսկ ապա՝ ոտքերին, եւ ողջ ժամանակ կրկնել են միայն մեկ բան․ «Ընդունի՛ր մեղքդ կամ անուն ասա»։ Այնուհետեւ սկսել են պոկել ոտքերի եղունգները, պոկել են նախ ձախ ոտքի երկու եղունգը, այնուհետեւ հոսանք միացրել, դրանից հետո նա կորցրել է գիտակցությունը:

Ռուսլանն ուշք է եկել , երբ նրան արթնացրել են, ջուր լցրել վրա, ապա շարունակել պոկել եղունգները:

Երբ խոշտանգումները չեն աշխատել, զինվորներին շանտաժի են ենթարկել: Մեհման Ալիեւը՝ բանտում գտնված մեկ այլ զինվորի՝ Նասիր Ալիեւի հայրը, պատմել է, որ իր որդուն խոշտանգված դիեր են ցույց տվել եւ սպառնացել, որ կխոշտանգեն նաեւ նրա հարազատներին:

Նույնը պատմել է Ռուսլանը. «Ինձ ասացին, թե, իբր, կբերեն որդուս, նա մյուս սենյակում է, միացված է հոսանքին: Ես այնպիսի բաներ էի տեսել, որ չէի կարող չհավատալ»:

Խոշտանգումները շարունակվել են մինչեւ մայիսի 27-ը: Նրան եւ այլ զինվորների գրեթե չեն կերակրել: Որոշներին կապկպված նետել են պատուհանից:

«Տերտերի գործը»

Այսպես է կոչվում զանգվածային խոշտանգումների մասին գործը, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի Տերտերի շրջանում 2017 թվականի մայիս եւ հունիս ամիսներին։ Այդ ժամանակ մի խումբ ադրբեջանցի զինվորականների մեղադրել են հօգուտ Հայաստանի լրտեսության մեջ։ Ավելի քան 100 զինվորականներ դարձել են խոշտանգումների զոհ, նրանցից 10-ը զոհվել են։

Այդ օրերին Տերտերում մտնում էին մարդկանց տներ ու խաբեությամբ տանում, իսկ տարվածներից առնվազն 11-ին մահացած են վերադարձրել։ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ միայն մայիսի 7-8-ի ընթացքում ձերբակալվել է 48 մարդ։

2018 թվականին, երբ դեռ «Տերտերի գործ» բառակապակցությունը չէր հայտնվել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կայքում զեկույց էր հրապարակվել, որտեղ թվարկել էին խոշտանգումներից զոհված մի քանի զինվորականների անուններ

Հենց այդ ժամանակ՝  2017 թվականի մայիսին, Պետական անվտանգության ծառայությունը, Պաշտպանության ու Ներքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հայտնել են հօգուտ Հայաստանի լրտեսության մեջ մեղադրվող զինծառայողների ձերբակալության մասին։

Մինչ օրս իրավապաշտպաններին հայտնի է ավելի քան 100 զինվորականի մասին՝ զինվորներ եւ սպաներ: Նրանցից 11-ը զոհվել է: Եվս 24 մարդ դատապարտվել է 12-20 տարվա ազատազրկման դավաճանության համար: Խոշտանգելու համար 12 մարդ դատապարտվել է 3,5-ից 10 տարվա ազատազրկման:

Այն մասին, որ Ադրբեջանում հարցաքննության ժամանակ ու բանտային համակարգում խոշտանգում են մարդկանց, վաղուց են հայտնում տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։ Խոշտանգումների կանխման հարցերով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները 2004 թվականից Ադրբեջան են այցելել 6 անգամ։

2018 թվականին խորհուրդը եկել է այն եզրակացության, որ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքի մյուս ձեւերը ոստիկանության, իրավապահ այլ մարմինների ու բանակի կողմից կրում են համակարգային բնույթ, լայն տարածում ունեն ու արմատախիլ չեն արվում:

ՄԻԵԴ-ն արդեն որոշում է կայացրել Ադրբեջանում խոշտանգումների վերաբերյալ:  Անցած ամիս ՄԻԵԴ-ն ընդունել է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը խոշտանգումների է ենթարկվել, նրան փորձել են սպանել 7 ամիս Բաքվի բանտում գտնվելու ժամանակ: Ավելի վաղ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել քաղաքական ակտիվիստների, ինչպես նաեւ բանտում մահացած լրագրող Նովրուզալի Մամեդովի խոշտանգումների վերաբերյալ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել