News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելցիները արեւելյան Երուսաղեմով հրեական ուլտրաազգայնականների ծրագրված երթի նախաշեմին պատրաստվում են հնարավոր անկարգությունների, գրում է AP-ն:

Պաղեստինցիները սադրանք են համարում աղմկոտ երթը, որն ամեն տարի անցնում է Հին քաղաքի Դամասկոսի դարպասով դեպի մուսուլմանական թաղամասի սիրտը: ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիներին կոչ է արել «դիմադրել» երթին, որի մի տարբերակը տեղի էր ունեցել անցյալ ամիս քաղաքում անկարգությունների ֆոնին եւ դարձել էր Իսրայելի եւ Գազայի միջեւ 11-օրյա պատերազմի պատճառներից մեկը:

Չնայած մտավախություն կա, որ երեքշաբթի օրվա երթը լարվածություն կստեղծի, դրա չեղարկումը կհանգեցնի նորընտիր վարչապետ Նաֆթալի Բենեթի եւ կոալիցիայի մյուս աջ անդամների սուր քննադատությանը նրանց կողմից, ովքեր դա ՀԱՄԱՍ-ի առջեւ նրանց կապիտուլյացիա կհամարեն: Կոալիցիայի երդմնակալությունը տեղի է ունեցել կիրակի օրը եւ ներառում է կուսակցություններ քաղաքական ամբողջ սպեկտրից, ներառյալ` արաբական փոքր կուսակցությունը:

Մանսուր Աբբասը, որի փոքր կուսակցությունը իշխող կոալիցիային միացած առաջին արաբական խմբակցությունն է, տեղական ռադիոկայանին ասել է, որ ինքը դեմ է ցանկացած «սադրանքի»` հավելելով, որ «յուրաքանչյուր ոք, ով դիտել եւ հետեւել է այս երթին, գիտի, թե որն է դրա նպատակը»:

Ոստիկանությունը հաստատել է այն երթուղին, որն անցնելու է Դամասկոսի դարպասների մոտով, որտեղ պաղեստինցի ցուցարարները բազմիցս բախվել են իսրայելական ոստիկանության հետ՝ կապված ապրիլին եւ մայիսին մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա հասարակական հավաքների սահմանափակումների հետ: Բայց իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ բազմությունը չի մտնի մահմեդական թաղամասի սրտում գտնվող դարպասից:

Դամասկոսի դարպասների մոտ բախումներն ի վերջո տեղափոխվել էին հրեաների եւ մահմեդականների համար սրբավայր համարվող «Ալ-Աքսա» մզկիթի տարածք: Այն ժամանակ լարվածությունն էլ ավելի էր սրվել՝ հրեա վերաբնակիչների կողմից տասնյակ պաղեստինյան ընտանիքների վտարելու սպառնալիքի դեմ ցույցերի պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ