News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանել և ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ գործակալական կապն ու Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի իսկությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մի կողմ թողնենք Ա Միրզոյանի պնդումները, որ նա 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին սկսել է համագործակցել ԱԱԾ հետ 2015 թվականին սպասվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող պատմական հարցերով, հուշենք, որ նրա նկարագրած «բարոյական օգնության» համար ազգային անվտանգության ծառայությունը սովորաբար չի հավաքագրում գիտաշխատողներին, խորհրդատվական ծառայություններ կարող է ստանալ նաև լեգալ տեսքով և դրա համար ծածկանուն ընտրելը պարտադիր պայման չէ։

Զավեշտալին այն է, որ նշված հայտարարությամբ Ա. Միրզոյանն անհարմար վիճակի մեջ է դրել մեր գործընկերներին, որոնք դեռևս 16.01.2021թ. պաշտոնական կայքում տարածած հայտարարությամբ կտրականապես ժխտել են ծառայության և նրա համագործակցության փաստը, իսկ Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթերն ու տեղեկատվությունը որակել որպես իրականության հետ որևէ աղերս չունեցող ակնհայտ սուտ:

Փաստացի, Արարատ Միրզոյանն անհասկանալի դրդապատճառներով կամովին մերժել է ծառայության կողմից մեկնած օգնության ձեռքը, ինչը վկայում է երկրում տիրող բացարձակ բարդակի մասին։

Այս պատմության մեջ հուսադրողն այն է, որ Ա. Միրզոյանը խոստովանել է Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հետ համագործակցության փաստը, իսկ մենք միշտ սատարում ենք այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր ինքնակամ, հայրենասիրական մղումներով աջակցում են ծառայության խնդիրները լուծելուն։

Արձանագրենք, որ հույժ գաղտնի գրիֆով գաղտնագրված փաստաթղթերի հրապարակումն անթույլատրելի է, և հուսանք, որ անաչառ քննությունը բացահայտելու է արտահոսքի աղբյուրն ու դրա դրդապատճառները։ Ֆիքսենք նաև, որ դա աղերս չունի ազգային անվտանգության մարմինների գործելաոճի հետ, և շանտաժի բուրմունքով համեմված այս պատմությունն ավելի շատ նմանվում է վատ լրագրողի ձեռագրի։

Հարկավ հիշյալ անսպասելի հայտարարությունը մի շարք առումներով այդ պատմության շուրջ մշուշը ցրելու փոխարեն նոր վարկածներ առաջ քաշելու հիմք է տալիս, և յուրաքանչյուրն էլ ունի իր գոյության իրավունքը, բայցևայնպես՝

-ինչո՞վ է պայմանավորված Մինասյանի հրապարակումներից և ԱԱԾ հերքումից ամիսներ անց, այն էլ նախընտրական այս թեժ փուլում, ընտրություններին ընդառաջ նման խոստովանությունը,

-ումի՞ց և ինչի՞ց է զգուշանում Ա․ Միրզոյանը, պայմանավորվա՞ծ է դա արդյոք կոմպրոմատի նոր չափաբաժնի հրապարակման սպառնալիքով և, եթե այո, ապա ու՞մ կողմից։

Ակնհայտ է, որ Ա. Միրզոյանը վախենում է և, ըստ մեզ, ներկա պահին երկրում կարող է զգուշանալ միայն մեկ մարդուց, ով հասանելություն է ստացել տարաբնույթ, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, որոնք էլ, գիժ ձևանալով, ըստ պատեհության, հրապարակում է աջ ու ձախ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ