News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հերքում է դատավարության ընթացքում թույլ տված որեւէ անօրինություն՝ 2012-ին իր անհաջող վերընտրման փորձի ապօրինի ֆինանսավորման գործով, հայտնում է AP-ն:

66-ամյա Սարկոզիին առաջադրվել են մեղադրանքներ առ այն, որ նա օրենքով նախատեսված 22,5 միլիոն եվրոյից կրկնակի ավել է ծախսել նախագահական մրցավազքի վրա, որում պարտվել է սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին:

Երեքշաբթի օրը Սարկոզին առաջին անգամ հանդես է եկել նախորդ ամիս մեկնարկած դատավարության ժամանակ: Փարիզի դատարանը փորձում է պարզել՝ տեղյա՞կ է եղել արդյոք նա կեղծ վճարային համակարգից, որը ստեղծվել է գերածախսերը թաքցնելու համար:

«Ձեր առջեւ մի մարդ է, ում կյանքը 40 տարի շարունակ նվիրված է եղել քաղաքականությանը»,- ասել է նա դատարանում: Սարկոզին նշել է, որ ինքը քարոզարշավի քաղաքական ղեկավարն է եղել, բայց չի մասնակցել կազմակերպչական եւ նյութատեխնիկական մանրամասներին՝ շեշտելով, որ որպես գործող նախագահ այլ առաջնահերթություններ է ունեցել: Նրա խոսքով, ինքը «երբեք» ուղղակի հրահանգներ չի տվել իր հանրահավաքների կազմակերպման համար պատասխանատու ծառայություններ մատուցողներին, քանի որ դրա համար թիմ է ունեցել:

Հետաքննությունը պարզել է, որ Սարկոզին եւ նրա թիմը որոշել են 2012-ին «տպավորիչ եւ թանկ հանրահավաքներ» անցկացնել: Արշավի ընդհանուր արժեքը ենթադրաբար հասել է առնվազն 42,8 միլիոն եվրոյի:

Նախկին նախագահից բացի, եւս 12 մարդ եւ հանրահավաքների կազմակերպման համար պատասխանատու ընկերությունը մեղադրվում են փաստաթղթերի կեղծման, վստահության խախտման, խարդախության եւ քարոզչության անօրինական ֆինանսավորման մեջ:

Մի քանի սկանդալներից հետո 1990-ին ֆրանսիական օրենսդրությունը խստորեն սահմանափակել է քաղաքական արշավների ծախսերը:

Դատավարությունը սկսվել է երեք ամիս չանցած այն բանից, երբ Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի եւ ազդեցության չարաշահման մեկ այլ գործով: Նա բողոքարկել է դատավճիռը:

2017-ին Սարկոզին հեռացել է ակտիվ քաղաքականությունից, բայց կուլիսներում դեռ մեծ ազդեցություն ունի, հատկապես հաջորդ տարվա նախագահական ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցության շրջանակներում: Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ նա կանոնավոր կապի մեջ է կենտրոնամետ նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որին, ինչպես ասում են, Սարկոզին է խորհրդատվություն տրամադրում։

Դատավարությունը կտեւի մինչեւ հունիսի 22-ը, իսկ դատավճիռը կկայացվի ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ