News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ հունիսի 15–ին,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Լորդերի պալատի անդամ, Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությունը ողջունել է Քրիստոֆեր եպիսկոպոսի ժամանումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ընդգծելով, որ վերջինս առաջիկա օրերին հնարավորություն կունենա հաղորդ դառնալու հայ ժողովրդի կյանքին ու դիմագրավելիք մարտահրավերներին, պատմությանը եւ բազմադարյան հոգեւոր, մշակութային հարուստ ժառանգությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի մասնավորի իր գնահատանքն է բերել Քովենթրի առաջնորդին դժվարին այս շրջանում հայ ժողովրդին ցուցաբերած իր զորակցության եւ հատկապես հայ ռազմագերիների ազատ արձակման եւ հայոց սրբավայրերի պահպանության ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Իր հերթին Քրիստոֆեր եպիսկոպոսն ուրախություն է հայտնել Հայաստան այցելելու հնարավորության համար։ Անդրադառնալով պատերազմի պատճառած ծանր կորուստներին՝ վերջինս իր վշտակցությունն ու աջակցությունն է  հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ապա տեղեկացրել Քովենթրի մայր տաճարում այդ կապակցությամբ կազմակերպված հատուկ արարողությունների եւ միջոցառումների մասին։

Քովենթրի առաջնորդը նաեւ գոհունակությամբ է փաստել  Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի ու հայ համայնքի հետ ձեւավորված սերտ գործակցությունը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Լորդերի պալատի անդամ, Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերը հանգամանորեն քննարկել են հետպատերազմյան իրավիճակին, Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությանը եւ Ադրբեջանում գերության մեջ գտնվողների վերադարձին առնչվող խնդիրները։ Մասնավոր անդրադարձ է կատարվել  Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արցախյան տարածքներում հայկական հոգեւոր, մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման հարցերին։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է իր մտահոգությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ