
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որն ըստ նրա՝ անհերքելի ապացույց է այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները.
1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար
2)իրականացնում են մարդկանց առեւտուր` կատարելով հանցանք
3)միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են
4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:
Տեսանյութում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն են, որոնց քննարկումն ըստ ՄԻՊ–ի՝ այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն եւ անգլերեն ու վերլուծության ենթարկել: Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ եւ այլ միջազգային կառույցներին»,– ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Թաթոյանը։