News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներ, ժամկետային զինծառայողներ Նարեկ Ղռոյանի, Սամվել Խաչատրյանի և կամավոր ռազմաճակատ մեկնած Գարիկ Գափոյանի անունները կրող դասասենյակների բացման արարողությունը:

Գեղարքունիքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Կարմիրգյուղի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, համայնքի բնակիչներ, մանկավարժներ, հերոսացած տղաների ծնողներն ու հարազատները:

Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում կանգնեցված Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած Սերգո Ավետիսյանի հուշաքարին:

Անվանակոչման համար ընտրվել էին այն դասասենյակները, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված տղաները իրենց ուսումնառությունն էին անցկացրել վերջին տարիների ընթացքում:

Դասասենյակները հիմնանորոգվել և կահավորվել էին Կարմիրգյուղի համայնքապետարանի, համայնքի բնակիչների և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ներդրումների և աջակցության շնորհիվ:

Անվանակոչված յուրաքանչյուր դասասենյակում ստեղծվել էր հուշանկյուն, որը կահավորված էր հավերժի ճամփան բռնած հերոսների անձնական իրերով և լուսանկարներով: Յուրաքանչյուր դասասենյակում դասղեկները հանդես եկան տղաներին բնութագրող պատմություններով:

«Հերոս զինծառայողների անունները կրող այս դասասենյակները հայրենասիրության վառ օրինակ կլինեն գալիք սերունդների համար: Այստեղ կրթվող յուրաքանչյուր աշակերտ պետք է լավ սերտի հայրենանվիրության դասը, իսկ քաջորդիների սխրանքը պետք է հարատև դաս լինի նրանց համար: Գարիկ Գափոյանի, Նարեկ Ղռոյանի և սամվել Խաչատրյանի անցած փառավոր ուղին հավերժ կմնա դպրոցի և համայնքի պատմության լուսավոր էջերում»,-նշեցին մանկավարժները:

Հայրենիքի սահմանների պաշտպանության համար ունեցած ավանդի համար Գարիկ Գափոյանը հետմահու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Մարտական ծառայության » համար մեդալի: Արարողության ընթացքում այն Գարիկի հորը հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ամիսներ շարունակ մենք ապրում ենք հետպատերազմյան մղձավանջը: Բայց ինչքան էլ տղաների կորուստը ծանր է, սակայն ես նրանց ծնողների հետ զրուցելիս հաճախ եմ ասում, որ նրանք թեև կարճ ապրեցին, սակայն մահվան ամենափառահեղ տարբերակը ընտրեցին. հերոսացան հանուն հայրենիքի: Սիրելի ծնողներ, խնդրում եմ՝ երբեք չխեղճանաք, չընկճվեք: Ձեր զավակները զոհվել են, որպեսզի դուք, մենք, մեր ժողովուրդը ավելի լավ ապրեն, մեր հայրենիքը ավելի հզոր լինի: Մենք մեծ ջանքերով, մեծ նվիրումով պետք է շենացնենք մեր հայրենիքը, նրանց երազած հայրենիքը։ Հավերժ փառք մեր տղաներին, և տա Աստված, որ մեր անհայտ կորած տղաներից շուտափույթ լավ լուր ստանանք»,- նշեց Գնել Սանոսյանը:

Այնուհետև դպրոցի դահլիճում մեկնարկեց «Կապույտ անմահության մեջ լողացող հոգիներ» խորագիրը կրող խոնարհումի ցերեկույթը, որտեղ գրական- երաժշտական կատարումներով հանդես եկան դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ:

Հնչեցին հիշատակի, խոնարհումի, երախտագիտության խոսքեր, բանաստեղծություններ, երգեր, ներկայացվեցին դրվագներ հավերժ ներկա տղաների կյանքից, նրանց մարտական գործողություններից և հայրենասիրական դրսևորումներից։ Դպրոցականներն ու մասնակիցները նրանց լուսանկարների առջև ծաղիկներ խոնարհեցին, մոմեր վառեցին և խունկ ծխեցին ։

«Մենք բոլորս պատերազմի առիթով տագնապալի օրեր ապրեցինք: Տառապեցինք այն մեծագույն ցավի համար, որով որ մեր զինվորները մեկը մյուսի հետևից զոհում էին իրենց սրբազան կյանքը: Կարծես մեր հողն ու ջուրը չունեին նոր հերոսների կարիք, սակայն մենք այդ վերստին պատերազմող օրերին կրկին անգամ համոզվեցինք, որ մեր ազգը շատ ու շատ նվիրյալ զավակների կարիք ունի: Նրանց թափած արյամբ մենք պետք է առաջ նայենք և ուղղենք մեր մեջքը: Մենք պարտք ունենք՝ խոնարհվելու այդ հերոսների առջև, աղոթելու նրանց համար և ամեն մի ողբացող ծնողի առջև մենք պետք է խոնարհում ու հարգանք բերենք»,- նշեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Սարգսյանը:

Արցախյան 44-օրյա պատերազմում Կարմիրգյուղից Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհասեղանին դրած մարտիկներ՝ Գարիկ Գափոյանին, Նարեկ Ղռոյանին և Սամվել Խաչատրյանին հետմահու Կարմիրգյուղի համայնքապետարանի կողմից շնորհվեց պատվոգրեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ