News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վահրամ Դումանյանը շնորհավորել է Ալֆոնսո Դի Ռիզոյին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իտալական բարեկամական կապերի զարգացման:

«Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնմանը։ Այդ համատեքստում կարևորում եմ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ իրականացվող ծրագրերը և փորձի փոխանակումը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ արտերկրում գործող 12 ուսումնահետազոտական կառույցներում իրականացվում է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիր: Իտալիայում ծրագիրն իրականացվում է Հռոմի Լա՛Սապիենցա և Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարաններում: Նախարարի պաշտոնակատարն առաջարկել է ընդլայնել ծրագրի իրականացումը՝ ներգրավելով ՀՀ պետական բուհերը, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել համատեղ կրթական և հետազոտական ծրագրեր, ուսանողների, դասախոսների և երիտասարդ հետազոտողների փոխանակումներ: Վահրամ Դումանյանն առաջարկել է նաև ընդլայնել Erasmus+ համատեղ ծրագրերը, որոնք կնպաստեն երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացին և կայուն զարգացմանը:

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև 2019 թվականից Երևանի դպրոցներում իտալերենի խորացված ուսուցման փորձնական ծրագրի իրականացումը. 2020-2021 ուսումնական տարում ծրագիրն իրականացվել է 7 հանրակրթական հաստատություններում:  Հայ-իտալական համագործակցության շրջանակում Վահրամ Դումանյանը կարևորել է Իտալիայից ժամանած պրոֆեսորների գործունեությունը՝ ուղղված իտալերենի զարգացմանը Հայաստանում. «Առաջարկում եմ զարգացնել ծրագիրը Հայաստանի և Իտալիայի դպրոցների միջև կապերի ստեղծմամբ, դպրոցներում իրականացնել հայկական և իտալական կրթամշակութային համատեղ ծրագրեր, ինչպես նաև դիտարկել աշակերտների մասնակցությամբ երկու երկրներում ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությունը»:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագրի շրջանակում ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն համագործակցում է Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի հետ: 2019 թվականին անցկացվել է հայ-իտալական համատեղ ծրագրերի առաջին մրցույթը՝ մի շարք ուղղություններով: Մրցույթի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 4 համատեղ ծրագրեր՝ 2 տարի ժամկետով: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև կրթագիտական համատեղ ծրագրերի իրականացումը՝ գիտնականների միջև ուղիղ համագործակցային կապերի ստեղծման և ընդլայնման միջոցով: Նա առաջարկել է համագործակցությունը զարգացնել հետևյալ ուղղություններով՝ ինֆորմատիկա, աստղաֆիզիկա, տարրական մասնիկների ֆիզիկա, միջուկային ֆիզիկա, օպտիկա, կենսաքիմիա և քիմիա:

Վահրամ Դումանյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Անդրադառնալով մշակույթի և ստեղծագործական ոլորտում համագործակցությանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին: 2020 թվականին ևս նախատեսվում էր Հայաստանի մասնակցությունը Վենետիկի ճարտարապետական բիենալեին՝ «HYBRID IDENTITIES» նախագծով, սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ցուցահանդեսը հետաձգվել է: Հայկական տաղավարի բացումն ու նախագծի ներկայացումը նախատեսվում է 2021 թվականի օգոստոսին:

Վահրամ Դումանյանն առանձնահատուկ կարևորել է «ՌՕՔԵՄՓ Հայաստան. մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի ստեղծում» ծրագրի իրականացումը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական, կունենա զարգացման կայուն հիմքեր և մեծապես կնպաստի մշակույթի ոլորտում հայ-իտալական արդյունավետ համագործակցության խորացմանը: Նախարարի պաշտոնակատարը դեսպանին առաջարկել է նաև դիտարկել արվեստի ստեղծագործությունների վերականգնման հայ-իտալական դպրոցի հիմնադրման կամ ՀՀ ուսումնական հաստատություններում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: 

Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցությանը՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի հավաքականներն ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք մարզական միջոցառումների՝ առաջարկելով իրականացնել մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր:

Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն իրավամբ սկսվում է մշակութային հարաբերություններից:

«Այդ առումով պատահական չէ, որ գործադիր մարմնի անդամներից իմ առաջին հանդիպումը հենց ԿԳՄՍ նախարարի հետ է: Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերություններն ավելին են, քան զուտ երկու պետությունների համագործակցությունը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ այդ համագործակցությունը հատկապես ակտիվ է մշակութային ոլորտում:

Ալֆոնսո Դի Ռիզոն կարևորել է Իտալիայի բուհերում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդումը՝ առաջարկելով ընդլայնել բուհերի ցանկը՝ օրինակ՝ այն ներդնելով Նեապոլի ուսհաստատություններից մեկում: Դեսպանը շեշտել է նաև ՀՀ դպրոցներում իտալերենի խորացված ուսուցման հարցը՝ ընդգծելով, որ ներկայում իտալերենի նկատմամբ հետաքրքրության աճ կա ամբողջ աշխարհում: Նա պատրաստակամություն է հայտնել զարգացնել ծրագիրը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև առաջարկել է դիտարկել երաժշտական դպրոցներում իտալերենի դասավանդման հնարավորությունը, ինչը, ըստ Ալֆոնսո Դի Ռիզոյի, լավ հիմք կհանդիսանա՝ հետագայում այն Կոնսերվատորիայում զարգացնելու համար:

Դեսպանն ընդգծել է նաև միջբուհական համագործակցության կարևորությունը, հատկապես՝ ՏՏ ոլորտում իտալական փորձը փոխանցելու տեսանկյունից: Նա պատրաստակամություն է հայտնել սերտ համագործակցություն ծավալել նաև մշակութային ժառանգության պահպանության և արվեստի ստեղծագործությունների վերականգնման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տպել
Ամենաշատ