News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ալ-Քաիդան» կարող է «վերածնվել» Աֆղանստանում եւ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո երկու տարվա ընթացքում վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: 

Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ սենատոր Լինդսի Գրեմը հարցրել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին եւ գեներալ Մարկ Միլիին՝ արդյո՞ք նրանք փոքր, միջին, թե մեծ են գնահատում Աֆղանստանում «Ալ-Քաիդայի» կամ «Իսլամական պետություն» խմբավորման «վերածննդի» հավանականությունը: «Ես այն որպես միջին կգնահատեի», - պատասխանել է Օսթինը: «Սենատոր, ես նաեւ կհավելեի, որ այդ ներուժը զարգացնելու համար նրանցից երկու տարի կպահանջվի», - հայտնել է AP-ն:    

Շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ եւ աֆղանական պատերազմի վետերան Միլին համաձայն է այս գնահատականի հետ: «Կարծում եմ, եթե կառավարության փլուզում կամ Աֆղանստանի անվտանգության ուժերի լուծարում տեղի ունենա, ռիսկը ակնհայտորեն կավելանա, սակայն, ըստ իս, դա կարող է տեղի ունենալ մոտ երկու տարվա ընթացքում», - նշել է Միլին:

2001 թ. սեպտեմբերի 11-ին Ամերիկայում ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ն ներխուժել է Աֆղանստան: Ռազմական ղեկավարությունը հետեւողականորեն հայտարարում էր, որ Աֆղանստանում ընթացող ռազմական գործողությունները զգալիորեն կրճատել են «Ալ-Քաիդայի» անդամների թիվը: Սակայն նրանք կարծում են, որ թե՛ «Ալ-Քաիդան», թե՛ «ԻՊ»-ն դեռ փորձում են հարձակվել Ամերիկայի վրա:

Պենտագոնը հայտարարել է, որ Աֆղանստանում գրեթե 20 տարի մնալուց հետո ԱՄՆ զորքերի դուրսբերումն ավարտված է ավելի, քան կիսով չափ. հեռանում են նաեւ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործընկերները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ