News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային որեւէ տրամաբանություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Հանրապետության հրապարակում Հանրապետության hրապարակում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որեւէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք։ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել։ Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ։ Տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն եւ այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ, երկրները կստանան հավասարաչափ եւ համաչափ հնարավորություններ այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի՝ 2021թ.-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ։ Հայաստանը տրամադրված է հետեւողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար, եւ սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելով խաղաղության, կայունության եւ երկարատեւ զարգացման համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր այս հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ եւ չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես գերիներին վերադարձնելու մասով։

«Անվտանգային ոլորտում մեր հրատապ մյուս հարցը հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում տիրող իրավիճակն է։ Մենք ասում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, քանի որ տեսնում ենք դրա իրական հնարավորությունը։ Մեր բոլոր միջազգային գործընկերները կիսում են մեր տեսակետը. այն է, Ադրբեջանի զորամիավորումները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից , ընդ որում Հայաստանը պատրաստ է ընդունել միջազգային գործընկերների առաջարկը՝ զորքերի՝ հայելային դուրս բերելու, սահմանի երկայնքով ռուս սահմանապահ կետերի տեղակայման եւ միջազգային հովանու ներքո հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի աշխատանքներ տանելու մասին՝ այդ աշխատանքը սկսելով հենց Սոթք-Խոզնավար հատվածից, դրանից հետո աշխատանքներ իրականացնել մնացած հատվածներում»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ԼՂ հարցը կարգավորված չէ եւ այն սպասում է համապարփակ եւ ամբողջական լուծման։ Հարցի կարգավորման մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը։ Մեր համոզմամբ, 44-օրյա պատերազմը ԼՂ –ի, հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել, անջատում՝ հանուն փրկության տրամաբանության ներքո։  Ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլեւ ավելի է ընդգծվում»։

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ Փաշինյանն ասաց. «Մեր 15 գերիների վերադարձը, որը մի քանի օր առաջ տեղի ունեցավ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Որեւէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են հայրենիք, բայց կարեւոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ, օր առաջ, առանց հակահումանիստական ու հակամարդկային սակարկումների, եւ Հայաստանն արտահայտում է իր պատրաստակամությունը նման քայլերով առաջ գնալու եւ մեր այս դիրքորոշումը մեր բոլոր միջազգային գործընկերները տեսել են եւ համոզվել են դրանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ