News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային առցանց խորհրդակցություն:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Կրթության զարգացման և նորարությունների ազգային հիմնադրամի (ԿԶՆԱԿ), ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Տավուշի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի և «Այբ» հիմնադրամի ներկայացուցիչները:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սեպտեմբերի 1-ից առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: «Հանդիպման նպատակը հիմնական անելիքները, աշխատանքների ժամկետներն ու դրանցով պայմանավորված հնարավոր խնդիրները նախանշելն է: Նոր չափորոշչի փորձարկումը բազմաբաղադրիչ գործընթաց է՝ տարբեր հարցերով ու նրբություններով: Սեպտեմբերի 1-ից ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար այս փուլում գործողությունները ճիշտ պլանավորելը կարևոր է»,- նշել է նախարարի տեղակալը:

Մինչև սեպտեմբեր Տավուշի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների ուսուցիչները ԵՄ դրամաշնորհային ծրագրով կվերապատրաստվեն: ԲՏՃՄ առարկայական բնագավառի վերապատրաստումներն իրականացվելու են «ԱՅԲ» հիմնադրամի, հումանիտար-հասարակական ուղղությամբ` ԿԶՆԱԿ-ի կողմից: Վերապատրաստումներ կիրականացվեն նաև դպրոցների տնօրենների և վարչական աշխատակիցների համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնը դպրոցներում Մասնագիտական կողմնորոշման ակումբների ներդրման պատասխանատուն է, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն աջակցություն է ցուցաբերում տեղայնացման խնդիրներին: ԿԶՆԱԿ-ը, բացի վերապատրաստումներից, իրականացնելու է նաև ուսումնական նյութերի մշակման աշխատանք: Բացի հիմնական անելիքներից՝ կան նաև ընթացիկ խնդիրներ, որոնք ևս լուծում են պահանջում: Օրինակ, Տավուշի մարզի որոշ դպրոցներում չկան ինֆորմատիկայի ուսուցիչներ, և այդ բացը հնարավոր է լրացնել դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբակավարների միջոցով:

«Նախարարությունն այժմ հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար: Որպես գործընթացի համար պատասխանատու կողմեր՝ անպայման առաջարկում եմ ուսումնասիրել նախագիծը, դիտողություններ և առաջարկներ ներկայացնել, եթե կլինեն»,- դիմելով մասնակիցներին` ասել է Ժ.Անդրեասյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև փորձարկվող դասարանների վերապատրաստվող ուսուցիչների խմբերի ձևավորմանը: Ըստ նախարարի տեղակալի` այս գործընթացը պետք է կազմակերպել այնպես, որ զուգահեռաբար ընթացող պարտադիր ատեստավորման վերապատրաստումների հետ չհատվի: Նշենք, որ չափորոշչի ներդրման աշխատանքային քննարկումները պարբերական են լինելու:

Տպել