
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ողջունում է տարածաշրջանային անվտանգության շուրջ բանակցությունների մեկնարկը, հաղորդում է Tasnim-ը:
Իրանի ԱԳ նախարարը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ շեշտել է հարեւան պետությունների միջեւ տարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:
Գոհունակություն հայտնելով Իրանի եւ Իրաքի միջեւ Շալամչեխը Բասրայի հետ կապող երկաթուղի կառուցելու նախագծի վերաբերյալ համաձայնագրերի կապակցությամբ` Զարիֆը հայտարարել է Իրաքի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին:
Իր հերթին, Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը ողջունել է Բաղդադի եւ Թեհրանի միջեւ կառուցողական տնտեսական համագործակցությունը եւ բարձր է գնահատել նման համագործակցությունը զարգացնելու Իրանի ջանքերը:
Զարիֆը ելույթ կունենա նաեւ Անթալիայում անցկացվող ֆորումին, որը նվիրված է Իրանի քաղաքականությանը հարեւան երկրների հետ հարաբերությունների նկատմամբ: