
Երեւանում ավարտվել է «Հայաստան» դաշինքի կազմակերպած քայլերթը:
Քայլերթի մասնակիցները, որը գլխավորել են Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը, քայլել են Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ:
Շարասյունը ձգվել է ամբողջ Մաշտոցի պողոտայով: Երկրորդ նախագահին ողջունել են շենքերի բնակիչները: Քայլերթը խորհրդանշել է հաղթական հանրահավաքի ավարտը, ինչպես անվանում են դաշինքի ներկայացուցիչները: Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են «Հայաստան», «Դեպի ուժեղ Հայաստան», «Քոչարյան»: Ճիշտ է, վարչապետի պաշտոնակատարին էլ են նշել. մի քանի անգամ բղավել են «Նիկոլ դավաճան»:
Ազատության հրապարակում, որտեղից 12 օր առաջ սկսվել է քարոզարշավը, Քոչարյանը շփվել է քաղաքացիների հետ, որոնք մոտեցել են նրա ձեռքը սեղմելու:
«Շնորհակալություն, որ եկել եք: Հանրահավաքն ավարտվել է: Եղեք առողջ ու համոզված՝ մենք կհաղթենք»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը կողմնակիցներին հրաժեշտ տալիս:
Դա նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքն էր: Հունիսի 19-ին Հայաստանում լռության օր է: Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են կայանալու: