News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանցագործությունը, որը ցնցել է ամբողջ Հունաստանը, բացահայտվել է՝ 32-ամյա օդաչուն խոստովանել է իր երիտասարդ բրիտանացի կնոջ՝ Քերոլայն Քրաուչի սպանությունը, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Հունաստանի ոստիկանությանը:

Բաբիս Անագնոստոպուլոսը ձերբակալվել է իր հանգուցյալ կնոջ հոգեհանգստի արարողությունից հետո՝ Ալոնիսոս կղզում, որտեղ նա մեծացել է:

Տղամարդը պնդում էր, որ մայիսի 11-ին երեք կողոպտիչներ ներխուժել են իրենց տուն Աթենքի մերձակա Գլիկա Ներա քաղաքում եւ կապել են իրեն:

Բայց երկար քննությունից հետո ոստիկանությունը հայտնել է, որ նրա պատմության մեջ անհամապատասխանություններ կան:

Նրանք չեն գտել կողոպտիչների որեւէ հետք, որոնք, հանցագործի պնդմամբ, իբր կապել է իրեն, խեղդել կնոջը եւ հափշտակել 15 000 եվրո գումար:

Այնուհետեւ ոստիկանությունը ստուգել է երիտասարդ զույգի գաջեթները, որպեսզի հաստատի Բաբիսի պատմությունը: Քերոլայն Քրաուչի կենսաչափական ժամացույցը ցույց է տվել նրա սրտի բաբախյունը մահվան օրը: Բաբիս Անագնոստոպուլոսի շարժումները նույնպես գրանցվել են նրա բջջային հեռախոսում:

Քերոլայն Քրաուչի «խելացի» ժամացույցը ցույց է տվել, որ նրա սիրտը դեռ բաբախել է այն ժամանակ, երբ ամուսինը պնդում է, որ սպանված է եղել: Նրա հեռախոսում գործողությունների թրեքերը ցույց է տվել, թե ինչպես է ամուսինը շրջում տանը, երբ, նրա խոսքով, ինքը կապված է եղել: Նույնիսկ այն ժամանակը, երբ տվյալները հանվել են տան անվտանգության տեսախցիկից, նույնպես ցույց է տվել իրադարձությունների բոլորովին այլ ընթացք:

Ի վերջո, տվյալների հավաքագրումը, որից մարդիկ ժամանակակից աշխարհում այնքան վախենում են, օգնել է ոստիկանությանը բռնել մարդասպանին:

Կնոջ մահից հինգ օր անց Բաբիսը Instagram-ում լուսանկար է հրապարակել իրենց հարսանիքից՝ հետեւյալ հաղորդագրությամբ. «Միշտ միասին: Հաջողություն, սեր իմ»:

Հինգշաբթի օրը Ալոնիսոսում տեղի ունեցած հոգեհանգստի արարողությունից հետո քննիչները մոտեցել են նրան՝ խնդրելով իրենց հետ գնալ Աթենք՝ ասելով, որ հետաքննության մեջ առաջընթաց է գրանցվել, եւ իրենք ուզում են բացահայտել կասկածյալին: Միայն երբ նա ժամանել է մայրաքաղաք, նրան ասել են, որ ինքն է կասկածյալը:

Ոստիկաններն ասել են, որ տղամարդը խոստովանել է ութժամյա հարցաքննությունից հետո: Հունական զեկույցներում ասվում է, թե Բաբիսը ոստիկանությանը հայտնել է, որ վերջին ամիսներին ինքն ու կինը հաճախ էին վիճում:

Սպանությունը ողբերգության պատճառ է դարձել Հունաստանում: Սա ի սկզբանե մտահոգություն է առաջացրել ներքին անվտանգության վերաբերյալ, եւ ամուսինն էլ պնդել է, որ հարձակումը կատարել է օտարերկրացիների ավազակախումբը: Հետաքննության առաջին օրերին հարեւան Բուլղարիայի սահմանը հատելիս վրացի տղամարդ էր ձերբակալվել։

Հինգշաբթի երեկոյան ազգային հեռուստատեսությունն ընդհատել է «Եվրո-2020» ֆուտբոլի առաջնության հեռարձակումը` խոստովանության մանրամասները հաղորդելու համար:

Մեքենաներն ու անցորդները կանգ են առել Աթենքի սրճարանների մոտ, որպեսզի դիտեն վերջին իրադարձությունները, հաղորդում է BBC News-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ