News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է փոխանցվել ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը՝ հունիսի 15-ին ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարելու փաստով:

Այդ օրը, ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայությունից ստացված գրության համաձայն, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները այցելել են Սարյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվել է վտարման գործողություն:

Այդ ընթացքում, Երևանի բնակիչ, 62-ամյա Հակոբ Ս.-ն, իր վրա տարայով հրավառ հեղուկ է կցրել և ինքն իրեն հրկիզել, դրանից հետո այս ու այն կողմ է վազել և փաթաթվել նշված վայրում գտնվող՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, 33-ամյա Կարեն Հ.-ին և Հարկադիր կատարման ծառայության աշխատակից, Երևանի բնակիչ, 38-ամյա Մանուկ Շ.-ին:

Ոստիկանության ծառայողներն ու ԴԱՀԿ աշխատակիցները կանխել են Հակոբ Ս.-ի գործողությունները, սակայն Կարեն Հ.-ն ու Մանուկ Շ.-ն,  մարմնի տարբեր մասերում ստացել են այրվածքներ և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն:

Հակոբ Ս.-ն էլ տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա ունեցել է «ջերմային այրվածք՝ բոցով, 3-րդ աստիճանի, մարմնի մակերեսի ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հունիսի 16-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբ Ս.-ն «այրվածքային շոկ, սիրտանոթային անբավարարություն» ախտորոշմամբ մահացել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվել հունիսի 17-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը, ժամը 14։00-ին, նշված հիվանդանոցից ոստիկաննության կենտրոնական բաժին հայտնել են, որ «աջ բազկի, ձախ նախաբազկի վերին երրորդականի սալջարդ» ախտորոշմամբ և «աջ բազկի զույգ ծնկան հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 կին։

Հիվանդանոց  մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ պարզել էին՝ տեղափոխվածներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 68-ամյա Լաուրա Ս-ն և 42-ամյա Քրիստինե Գ-ն։

Վերջիններս բժիշկներին հայտնել էին, որ իրենք մարմնական վնասվածքները ստացել են 2 օր առաջ իրենց տանը՝ ծեծի ենթարկվելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից:

Այսօր ԴԱՀԿ ծառայությունը հանդես է եկել հերքումով:

«Այսօր մամուլում տարածված այն տեղեկությունը, թե «Երևան քաղաքի բնակիչներ՝ 68-ամյա Լաուրա Ս.-ն և 42-ամյա Քրիստինե Գ.-ն, մարմնական վնասվածքներ են ստացել` իրենց տանը ծեծի ենթարկվելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից» իրականությանը չի համապատասխանում», հայտնում է ԴԱՀԿ ծառայությունը: «15.06.2021 թ.-ին վտարման կատարողական գործողություններն իրականացվել են պարտապանների հետ միմիայն բացատրական աշխատանք կատարելու միջոցով և հարկադիր կատարողների կողմից որևէ տեսակի ֆիզիկական հարկադրանք չի կիրառվել։

Տեղեկացնենք նաև, որ կատարողական այդ գործողությունների իրականացման ժամանակ տեղում են եղել ոստիկանության աշխատակիցներ, պարտապան կողմի փաստաբանը և լրատվամիջոց։ Հարկադիր կատարողներն ամեն կերպ օժանդակել են պարտապաններին, այդ թվում՝ Լաուրա Ս.-ին և Քրիստինե Գ.-ին օգնել խնամքով հավաքել և անվնաս տեղափոխել իրենց գույքն ու անձնական իրերը։ Այդ ամենին ականատես են եղել ինչպես վերը նշված անձինք, այնպես էլ բազմաբնակարան շենքի մյուս բնակիչները՝ հարևանները։ Ավելին այդ օրը նշված կատարողական գործողությունների ընթացքում տվյալ բնակարան տանող միջանցքում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն օգնություն ցույց տալու ժամանակ տուժել են նաև Ծառայության ավագ հարկադիր կատարողն ու Ոստիկանության ծառայողը, որոնք ստացած այրվածքների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց, և այդ միջադեպից անմիջապես հետո տարածքում աշխատել են իրավապահ մարմիններ», -նշված էր ԴԱՀԿ հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ