News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Այսօր միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ դեռեւս շարունակելով առերեսվել բռնի տեղահանմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է. «Այս տարի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաեւ նոր մարտահրավերների ի հայտ գալով։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը հանգեցրեց զանգվածային բռնի տեղահանումների:

Իրենց բնակավայրերից տեղահանվել եւ Հայաստանում էր հաստատվել մոտ 90.000 մարդ, որից 88 տոկոսը կանայք եւ երեխաներ էին: Այս մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց տունն ու սերունդների կողմից կուտակված ունեցվածքը՝ զանգվածային ոճրագործություններից փրկվելու համար: Տեղահանվածների զգալի մասը, մասնավորապես` Շուշիից եւ Հադրութի շրջանից, այսօր չի կարող վերադառնալ հայրենի բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են, որոնք բռնի տեղահանվել էին 1990-ական թթ․ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած եւ էթնիկ զտումների ենթարկված բնակավայրերից:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Շահումյանի շրջանի եւ Մարտակերտի շրջանի հյուսիսում գտնվող գյուղերից տեղահանված հայերին, որոնց մեծ մասը բնակություն էին հաստատել Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։ Արցախի դեմ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի ժամանակ այս մարդիկ կրկնակի են դարձել փախստական` առերեսվելով ստեղծված հումանիտար ճգնաժամի հետեւանքներին։

Չի իրականացվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ «ներքին տեղահանված անձինք եւ փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ»:

Դեռեւս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները եւ, առաջին հերթին, իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը եւ համապատասխան պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքների դեօկուպացիայի միջոցով: Քաղաքականացնելով տուժած ազգաբնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու խնդիրը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների եւ, մասնավորապես, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ:

Արդյունքում` ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան յոթ ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից։ Հայաստանը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հակամարտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին` մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի հիման վրա:

Դատապարտելի է փախստականների խնդիրների շահարկումը եւ դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը: Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որեւէ հանգամանքից, այդ թվում` տարածքի կարգավիճակից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ