News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Ընտրություններին «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակով մասնակցած Սուրեն Սահակյանը պնդում է, որ նախօրեին Երեւանի ընտրատեղամասերից մեկում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի հետ  ունեցած վիճաբանությունից հետո, այսօր կուսակցության այլ վստահված անձանց կողմից սպառնալիքներ է ստացել։

«Այդ պատմությունը շարունակություն է ունեցել։ Այսօր առավոտյան, ժամը 5։00–ի կողմերը, երբ ես ոստիկանությունից դուրս եկա ինձ սպառնացին, որ այսօր վերջին օրը չի, որ մենք ապրում ենք, եւ ես հլը պատասխան եմ տալու։ Այդ միջադեպը տեղի ունեցավ ոստիկանների ներկայությամբ. եկան, սպառնացին, դրանից հետո մեր գրասենյակի մոտ էլ են կուտակումներ եղան։ Ուզել են մեր ընկերներից մեկի հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, բայց երբ մենք գրասենյակից դուրս եկանք, ցրվեցին»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սուրեն Սահակյանը։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 20–ին, Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի 6/18 ընտրական տեղամասում վիճաբանություն, ապա քաշքշուկ է տեղի ունեցել «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության պատգամավորության թեկնածու Սուրեն Սահակյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց միջեւ։

Սուրեն Սահակյանը պատմեց, որ ընտրությունների ավարտից հետո գնացել է այդ տեղամաս եւ ցանկացել՝ մասնակցել ձայների հաշվարկին, բայց նրան թույլ չեն տվել մասնակցել այդ գործընթացին։

«Նրանք ասում էին, որ իրավունք չունեմ ներկա գտնվել ընտրատեղամասում, եւ խանգարում եմ հանձնաժողովի նախագահի աշխատանքներին։ ՔՊ վստահված անձն ինձ հարցրեց՝ դու նիկոլակա՞ն ես, ասացի՝ չէ, ասաց՝ գնացեք, դուք մեզ պետք չեք, հետո մոտեցավ «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձը, որը ՔՊ վստահված անձի հետ ջիգյարով համագործակցում էր, սկսեցին հայհոյել, ասել, որ գնամ այդտեղից, մի խոսքով՝ խուլիգանական վարք դրսեւորեցին, բարոյականության դասեր էին փորձում տալ, թե իբր ես հայրենասեր չեմ։ Ես էլ պնդեցի, որ իմ՝ ընտրական տեղամասում լինելը կարգավորվում է օրենքի շրջանակում եւ ոչ թե բարոյախրատական էսսեների ու վիճաբանությունը հասավ քաշքշուքի։ Ինձ վրա աթոռ շպրտեց ՔՊ վստահված անձը»,– պատմեց Սուրեն Սահակյանը։

Սուրեն Սահակյանը միջադեպից  հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել էր տեղի ունեցածը։ Տեսանյութում մի կին մոտենում է նրան, ու դժգոհում, թե «Սուրեն Սահակյանն իր գլուխը ջարդել է եւ պետք է դրա համար պատասխան տա»։ Սուրեն Սահակյանն ասում է՝ միջադեպի ժամանակ իր տեսադաշտում ոչ մի կնոջ չի տեսել եւ վստահ է, որ որեւէ կնոջ վնասվածք չի հասցրել, այլ փորձել է իրացնել իր իրավունքը, սակայն նրան խանգարել են։

«Միակ կինը, որին ես տեսել եմ 5 մետր այն կողմ կանգնած դիտորդն էր, որն այդ ամենը նկարում էր։ Այդ կինն իմ տեսադաշտում հայտնվեց միայն այն ժամանակ, երբ ինձ ասաց,  թե իմ գործողությունների հետեւանքով ինքը վնասվածք է ստացել, ինչը ես համարում եմ ոչ օբյեկտիվ, որովհետեւ վստահ չեմ, որ իմ գործողություններից է, ավելի շուտ քաշքշուկի ընթացքում արմունկով հարված է ստացել»,– ասաց նա։

Ոստիկանների միջամտելուց հետո է միայն քաշքշուկն ավարտվել։ Նրանք բերման են ենթարկել միջադեպի մասնակիցներին։

«Ինձ ապօրինի բերման ենթարկեցին, որովհետեւ ո՛չ ներկայացան, ո՛չ իրավական հիմք ներկայացրեցին, թե ինչու են ինձ բերման ենթարկում։ Խոչընդոտեցին իմ իրավունքների իրացմանը, այդպես էլ իմ իրավունքները չիրացված մնացին»,– ասաց Սուրեն Սահակյանը։ 

Նա հավելեց, որ ոստիկանությունում միջադեպի փաստով, բացատրություն է տվել։ Իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի վկաներն այսօր ցուցմունք են տվել։

 

Տպել
Ամենաշատ