News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արդեն հասել են նրան, որ աշխատանքային օրերին եւս մարդիկ հանդգնում են ապօրինի կրպակներ տեղադրել կանաչ գազոններում: Այս մասին այսօր՝ Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում ապօրնի կրպակների շինարարությանը:

Նա նկատեց, որ երեք տարի խոսվում է այն մասին, որ կա օրենքի բաց, ու մինչ օրս այդ բացը չի լրացվում. «Երեք տարի այս ուղղությամբ ոչինչ չի արվել: Երբ խոսում ենք վարչական շրջանի ղեկավարի հետ, նա օրենքից դուրս ոչինչ չի ուզում անել, այսինքն օրենքում չկա մի կետ, որը պաշտպանում է համայնքային հողե՞րը: Ի՞նչ է նշանակում՝ վախենում են դատվելուց: Էլ ինչի համար են վարչական շրջանի ղեկավարները, եթե չպետք է պաշտպանեն համայնքի հողը: Մենք չունենք հայանքի գողերի հող տալու: Էս քաղաքը մերն է ու մենք կպաշտպանենք»,-ասաց նա:

Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այո, ոչ վարչական շրջանի ղեկավարը, ոչ քաղաքապետարանը օրենքից դուրս չի գործելու. «Իմ քաղաքապետ գալուս ամիսներ անց օրենքի նախագիծն ուղարկվել է կառավարությունը, որը նախատեսում է, որ համայնքային եւ պետական հողի վրա այսուհետ ոչ մի ինքնակամ շինություն չի օրինականացվելու: Սա հստակ նախագիծ էր, որը կանգնեցնելու էր ապօրինի շինարարությունը ամբողջ Հայաստանում: Այդպես էլ այդ որոշումը չի ընդունվել: Ես չգիտեմ պատճառները»: Մարությանը հիշեցրեց, որ եղել են դեպքեր, երբ վարչական շրջանի ղեկավարը քանդել են ապօրինի շինությունները եւ նրանց դեմ հարուցված է քրեական գործ:

«Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում: Այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներով աշխատում են՝ սկսած տարբեր տիպի մարմիններից, վերջացրած դատարաններով: Մենք ունեցել ենք դեպքեր, որոնք տեղի են ունեցել գիշերը: Մեր աշխատակիցներից 8 հոգի եւ 3 ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակից են եղել 40-50 հոգի մարդ: Մեր աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են կանխել, իրենք զինված են եղել տարբեր տիպի մահակներով, դանակներով, եւ ուղղակի չեն կարողացել կանգնեցնել դա: Դա եղել է 7-8 օր առաջ: Ինձ զեկուցել են, որ ընտրությունենրի օրը 5 կրպակ  է տեղադրվել, որոնցից երկուսը ոստիկանների ներկայությամբ: Քանի որ ոստիկանական ուժեր չկային, զբաղված էին ընտրությունների անցկացման ապահովմամբ, չեն կարողացել դեմն առնել: Սա համակարգային հարց է եւ այն մարդիկ, որոնք օրենքը խախտել են, շատ հստակ իրենց վրա կզգան օրենքի ամբողջ ուժը: Գործողությունները չեն ուշանալու»,-ասաց քաղաքապետը:

Տպել
Ամենաշատ