News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ես իրավական հիմքերի մասին չեմ խոսի, որովհետեւ խորապես համոզված եմ, որ սա մաքուր քաղաքական հիմքով հետապնդում է, եւ իշխանությունը ցույց է տալիս իր ձեռագիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությանը։

«Սա քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարի ձեռագիր է: Մեզ սրանով հնարավոր չէ վախեցնել, մեզ հաջողվել է ընտրություններում 21 տոկոսի ճեղքում առաջացնել: Մեր օրակարգը մնում է նույնը՝ պետականության փրկությունը: Սեյրան Օհանյանը շատ դիպուկ ասաց, որ մենք առաջին բարիկադը գրավել ենք, մեր դիրքերն ամրացնում ենք, շարունակելու ենք գնալ առաջ:

Ընտրությունների ողջ ընթացքում իշխանությունները քաղաքական հետապնդումների ողջ զինանոցն օգտագործել են մեր ակտիվիստների, շտաբների նկատմամբ:

Պատճառներից մեկը, որ մենք դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները, հենց ձեւակերպում է այս ընդհանրության մեջ, որ նրանք ողջ ընտրական մթնոլորտը ահաբեկումներով են ուղեկցել»,-ասաց նա:

Լիլիթ Գայստյանը հավելեց, որ իրենք իրենց զինանոցում եղած բոլոր միջոցներն օգտագործելու են այս իշխանության քաղաքական դիմակը պատռելու համար: ՀՅԴ-ական գործիչը հույս հայտնեց, որ դատարանն անաչառ որոշում կկայացնի եւ իրենք կունենան հերթական հաղթանակը:

Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր ձայնագրություն Արմեն Չարյանի կողմից իրեն իր ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ: Այդ առիթով ՀՔԾ-ում հունիսի 18-ին հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Արմեն Չարչյանն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է:

Ավելի ուշ դատարանը բավարարել էր Չարչյանի պաշտպանների բողոքը եւ նա ազատ էր արձակվել:

Տպել
Ամենաշատ