News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Երեւանցիներն ավելի հաճախ են սարսուռով հիշում 90-ականների սկզբի չարաբաստիկ տարիները՝ առանց էլեկտրականության, առանց վառելիքի, առանց ջրի ու գրեթե առանց սննդամթերքի։

Էլեկտրամատակարարման խնդիրները մայրաքաղաքում վերջին տարում կրում են շարունակական բնույթ, անջատում են մեկ այստեղ, մեկ մի ուրիշ տեղում։ Անջատումները տեւում են մի քանի րոպեից մինչեւ մեկ օր։

Էլեկտրամատակարարման խափանումներին գումարվել են ջրի անջատումները. սկսվելով մոտավորապես երկու օր առաջ՝ հունիսի 23-ի կեսօրին դրանք զանգվածային բնույթ են ստացել։ Առանց պատերազմ հայտարարելու «Վեոլիան» դադարեցրել է մայրաքաղաքի մի ամբողջ շարք շրջանների ջրամատակարարումը։

Ընկերությանը զանգահարելու փորձերը, ինչպես եւ պետք էր սպասել, հաջողությամբ չեն պսակվում։ Առավելագույնը, ինչ հաջողվել է անել՝ միացված ջազային կոմպոզիցիան կամ հավաստիացումները լսելն է, թե բոլոր օպերատորները զբաղված են։

Վերջապես «Վեոլիային» զանգահարել կարողացած բախտավորները ֆեյսբուքում տեղեկացնում են ջրամատակարարման խնդրի հետ կապված՝ ընկերության պաշտոնական վարկածի մասին։ Մեղավոր են, պարզվում է, «Էլեկտրացանցերը», որոնք թուլացրել են լարվածությունը, ինչն էլ հանգեցրել է պոմպակայանների անջատման։ Եվ այսպես մի քանի օ՞ր։

«ՀԷՑ»-ում նորությունն ընդունեցին զարմանքով եւ, առայժմ ոչ պաշտոնապես,  նետեցին «Վեոլիայի» կողմը, թե, իբր, պարտք են էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց։

Եվ մինչ երկու ընկերությունները պարզում են, թե չեն պարզում հարաբերությունները, երեւանցիները նստած են քառասուն աստիճան շոգի ու կորոնավիրուսի համավարակի մեջ կամ առանց ջրի, կամ առանց էլեկտրականության, ոմանք՝ առանց թե՛ մեկի, թե՛ մյուսի, եւ բոլորը համերաշխ ցանկանում են «ամենայն բարիք» երկու ընկերություններին ու քաղաքային իշխանություններին։

Առանձին «շնորհակալություն» «Վեոլիա» ընկերությանը բաժանորդների նկատմամբ վերաբերմունքի համար. զանգվածային խափանումների երկրորդ օրն է, բայց ընկերությունը զլացել է հաղորդագրություն ուղարկել՝ խնդրի պատճառների պարզաբանմամբ եւ ներողությունով։ Այնպես որ, փորձեք զանգահարել եւ ջազ լսեք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ