News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այն թարգմանաբար.

Հայաստանի նախագահը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից հետո երկիրը պետք է նաև աշխատի արտաքին կապերի ամրապնդման ուղղությամբ:

Կրթությամբ տեսական ֆիզիկոս և մաթեմատիկոս Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահն է 2018 թվականից: Նրա դերը Հարավային Կովկասի փոքր խորհրդարանական հանրապետությունում հիմնականում ներկայացուցչական է, բայց նա ասում է, որ պետք է սահմանադրական փոփոխություններ լինեն, որոնք համակարգը կվերափոխեն դեպի ավելի նախագահականի:

Խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց, նախագահական նստավայրում կայացած բավական երկար հարցազրույցի ժամանակ նա պնդում էր, որ այդ փոփոխությունը երկրի ներկայիս շատ խնդիրներ կլուծի:

Սարգսյանը, որը դասավանդել է Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա), երկրի վարչապետն է եղել 1996-1997 թթ. և ունի երկար տարիների դիվանագիտական փորձ: Նա նաև այնպիսի խոշոր ընկերությունների խորհրդատու է եղել, ինչպիսիք են՝ Alcatel-ը, Bank of America-ն и Telefónica-ն: Հիմա նա փորձում է ստեղծել փոքր, բայց հաջողակ երկրների ակումբ, որը գիտելիքների և փորձի փոխանակման հարթակ կդառնա: Նա նաև հանդես է գալիս այն պատնեշների վերացման օգտին, որոնք այսօր խոչընդոտում են Սփյուռքում ապրող հայերին ներգրավվել երկրի քաղաքական կյանքում:

El Pais - Խորհրդարանական ընտրություններից հետո թեկնածուներից մեկը հայտարարեց, որ չի ընդունում դրանց արդյունքները: Ի՞նչ եք կարծում, լո՞ւրջ լարվածություն կլինի:

Այդ հարցն ամբողջ քարոզարշավի ընթացքում ինձ շատ է հուզել: Լեզուն, որն օգտագործել են քաղաքական գործիչները կոպիտ, անհանդուրժող, իմպուլսիվ էր, և դա անընդունելի է: Ես անհանգստանում էի, որովհետև կարծում էի, թե կարող ենք հնարավոր առճակատումների բախվել, սակայն, ամենայն հավանականությամբ, կխուսափենք դրանցից:

El Pais - Կան մարդիկ, որոնք մտավախություն ունեն, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է վերսկսվել: Դուք դա հավանական համարու՞մ եք, թե՞ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվեն:

Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է, որում կա երրորդ կողմ ՝ Ռուսաստանը, որն այդ հրադադարի երաշխավորն է: Ռուսաստանի դերն այստեղ շատ կարևոր է: Ռուս խաղաղապահներն այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) կլինեն առնվազն հինգ տարի:

El Pais - Եվ ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը լա՞վ գործ է անում:

Եթե Ռուսաստանն այնտեղ չլինի, ապա իրավիճակը բոլորովին այլ կլինի: Կա՞ մեկը, ով կարող է ինձ երաշխիք տալ, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, չի համարձակվի մուտք գործել այդ տարածք: Պարզ է, որ այս հրադադարը համաձայնեցված է երեք կողմերի միջև, միգուցե ետնաբեմում ներգրավված է չորրորդը՝ Թուրքիան, որը ինչպես և Ձեր երկիրն է (Իսպանիան), ՆԱՏՕ-ի անդամ է, և որը Հայաստանի դեմ օգտագործում էր ՆԱՏՕ-ի զենքերը:

El Pais - Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ի հետ հարաբերությունները պե՞տք է ամրապնդել:

Լեռնային Ղարաբաղի այս երկրորդ պատերազմի ընթացքում Եվրոպական միության ձայնը լսելի չհնչեց: Սակայն այստեղ խոսքը ավելի շատ մեր մասին է. մենք պետք է սովորենք ավելի ակտիվ լինել այն միության շրջանակում, որտեղ արդեն իսկ գտնվում ենք: Դա Եվրասիական տնտեսական միությունն է: Ապա պետք է կառուցենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, քանի որ մենք հատուկ հարաբերությունների և հատուկ համաձայնագրերի մաս ենք կազմում, և դա բավականին խոր կապ է:

Բայց համաձայնագրերը համաձայնագրեր են: Եթե դրանք կյանքի չեն կոչվում, ապա ոչ մի արժեք չունեն: Մենք պետք է կայունացնենք իրավիճակը Հայաստանում և կենտրոնանանք բազմաթիվ ներքին խնդիրների լուծման վրա: Մենք մի երկիր ենք, որը պատերազմի ընթացքում հազարավոր երիտասարդներ է կորցրել: Հայ-ադրբեջանական սահմաններում լարվածություն կա: Կան շատ հուզական խնդիրներ, քանի որ չնայած Հայաստանը վերադարձրել է բոլոր գերիներին, Ադրբեջանը հրաժարվում է դա արել: Բաքուն նրանց օգտագործում է սակարկությունների նպատակով: Դա սխալ է: Դուք չեք կարող օգտագործել մարդկային կյանքն առևտրի համար:

Տպել