News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նևրոզների կլինիկայի  գլխավոր բժիշկ Ցոլակ Հակոբյանին ազատել են աշխատանքից, ինչի դեմ բողոքի ալիք են բարձրացրել հիվանդները:

Բժշկական կենտրոնում բուժվող քաղաքացիներից մեկը նշեց, որ միշտ գոհ են եղել Հակոբյանից և պահանջում են, որ նա մնա իր պաշտոնում: «Անվճար բուժվել ենք, լավ վերաբերմունք են ցույց տվել, զինհաշմանդամ տղա ունեմ, նա ևս այստեղ է բուժվում, բոլոր մարզերից բուժում ստացողներ կան ու բոլորի անունից խնդրում եմ, որ Հակոբյանը մնա»:

«Մենք իրեն ճանաչում ենք որպես լավ մասնագետ, բոլոր մարզերից գալիս են այստեղ՝ Գորիսից, Իջեւանից, Արթիկից, Աշտարակից, Գյումրիից, Վանաձորից: Մենք անվճար բուժվում ենք, անվճար սնվում ենք: Բոլորից գոհ ենք, խոհանոցից հոգ ենք, օրական 3 անգամ սնվում ենք: Ամենակարեւորը, որ առողջացած դուրս ենք գալիս: Ասում են՝ ձեզ բուժելու են բժիշկները, որոնք նույնն են մնալու, բայց անձամբ ես բուժվում էին Ցոլակ Հակոբյանի սեանսներով: Կեսօրից սթրեսի մեջ ենք ընկել»,-ասաց հիվանդներից Հերիքնազ Դանիելյանը՝ հավելելով, որ իմացել են, որ նոր տնօրենը հոգեբույժ չի մասնագիտությամբ:

Հիվանդներից Արսեն Ղազարյանն էլ նշեց. «Հայաստանի բոլոր հիվանդանոցներում պառկել եմ, ոչ մի բժիշկ այդպիսի մոտեցում ցույց չի տվել, ինչպես Ցոլակ Հակոբյանը: Ինքն իսկապես բուժում է: Ինքը հարցազրույցներ է ունենում հիվանդների հետ, որի միջոցով հոգեկան հանդարտությունը վերականգնում է»:

Խոսակցություններին, թե նրան ազատել են քաղաքական հայացքների համար, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Ինքը երբեք իր քաղաքական հայացքների վերաբերյալ հիվանդների հետ չի խոսել: Վերջերս 3 անգամ սեանս է եղել, քաղաքական հայացքներ չեն քննարկվել, դա մեզ չի հետաքրքրում: Ինքն իր գործն է անում: Սա տարածաշրջանում այսպիսի միակ հիվանդանոցն է, որը ուզում են փակեն»:

Ինքը Ցոլակ Հակոբյանը շատ հանգիստ է վերաբերվում իրեն ազատելու որոշմանը. «1986-ի հունվարից աշխատում եմ այս հիվանդանոցում, 1993-ի հունվարից տնօրեն եմ: Ունեմ հիանալի կոլեկտիվ, Սա միակ հիվանդանոցն է ՀՀ-ում, որ զբաղվում է սահմանային վիճակներում գտնվող, նեւրոզներով հիվանդներով: Ինձ ազատել են աշխատանքից հունիսի 21-ից: Հիվանդանոցը գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի կազմում, բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն բաժնետերերն իրավունք ունեն ազատել աշխատանքից: Ոչ մի սարսափելի բան ասյտեղ չեմ տեսնում:

Ես այստեղ ոչ մի քաղաքական բան չեմ տեսնում, որովհետեւ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ես թեկնածու չեմ, իմ հարազատներից ոչ ոք չկա ընտրվող, որեւէ թիմի կողմից մասնակցություն չեմ ունեցել կամ ելույթ ունեցել:

Այստեղ մի փոքրիկ միջադեպ է եղել: Ըստ երեւույթին ինձ խառնել են, գցել են ինչ-որ հոսանքների տակ, կպարզվի այդ ամեն ինչը: Դա մեր հիվնդներից մեկի վերսիաներից է, ես չգիտեի: Նույնիսկ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:

Ցոլակ Հակոբյանը նաեւ հավելեց, որ նոր նշանակված տնօրենի պաշտոնակատար Գ. Աստվածատրյանը շատ կարգին անձնավորություն է, բժշկի ընտանքից, ինքն էլ բժիշկ: Երկար տարիներ աշխատել է. «Չեմ կասկածում, որ առաջ կտանի հիվանդանոցը: Չեմ պատրաստվում բողոքարկել: Կյանքում միշտ պետք են փոփոխություններ: Հիմա մի քիչ կհանգստանամ, ունեմ հրավերներ Մոսկվայում կլինիկա ղեկավարելու, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում աշխատելու, բայց ուզում եմ այստեղ մի բան կազմակերպել»:

Իր հերթին նորանշանակ տնօրենի պաշտոնակատարը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե կարող է շենքը վաճառեն կամ բուժումն անվճար չլինի. «Ես առաջին անգամ եմ նման բան լսում ձեզնից: Հիվանդներին հասկանում եմ, մի բան լսել են, մտավախություններ ունեն, բայց ես ասում եմ՝ նման բան չկա: Իրենց բուժում են բժիշկները, ես կոորդինացնելու եմ միայն աշխատանքները, ոչ մի փոփոխություն չի լինելու: Իսկ եթե Ցոլակ Հակոբյանն այստեղ սեանսներ էր անցկացնում եւ ուզում է շարունակել, կարող է շարունակել»:

 

Տպել
Ամենաշատ