News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանները վերաքննիչ բողոք կներկայացնեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց։ Չարչյանը կալանավորվել է մեկ ամսով։

«Գտնում ենք, որ դատարանի որոշումը ոչ իրավաչափ ու անհիմն է։ Փաստացի, եւս մեկ անգամ ընդգծվեց այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում։ Այստեղ օրինական մեղադրանքի մասին չենք կարող խոսել, քանի որ ի սկզբանե քրեական վարույթն անգամ հարուցվել է ոչ իրավաչափ հիմունքներով։ Քրեական գործ հարուցելու «օրինական» առիթ է հանդիսացել «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով հրապարակված ձայնագրությունը։ Քրեական գործ հարուցելու օրինական առիթ կարող է հանդիսանալ բացահայտված աղբյուրից ձեռք բերված տեղեկատվությունը»,- ասաց Ալեքսանյանը։

Նա նշեց՝ ձերբակալման իրավաչափության հարցը քննարկելու ժամանակ դատարանն արձանագրել է, որ հիմնավոր կասկածն առկա չէ։

«Եթե մենք այստեղ գործ ունենք արդեն իսկ ոչ իրավաչափ վարույթի հետ, հետեւաբար այդ վարույթի շրջանակներում ձեռք բերված յուրաքանչյուր փաստական տվյալ արդեն իսկ անթույլատրելի է։ Այն փաստական տվյալները, որոնք դատարանը գնահատել է, եւ դրանով հաստատել է հիմնավոր կասկածի առկայությունը, արդեն իսկ իրավաբանությունից դուրս դատողություններ են։ Մենք գործ ունենք անթույլատրելի փաստական տվյալների հետ»,- ասաց փաստաբանը։

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ ըստ ՀՔԾ քննիչի, եթե Չարչյանը մնա ազատության մեջ, ապա գործով վկաների վրա կարող է ազդեցություն գործադրել. «Մենք ասում ենք՝ եթե այս վկաները մեզ համար արդեն իսկ տվել են ցանկալի ցուցմունքներ, ըստ էության՝ պաշտպանողական բնույթի, ապա տրամաբանությունը ո՞րն է այդ անձանց վրա ազդեցություն գործադրելու»։

Անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, որում Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում է մասնակցել ընտրություններին, փաստաբան Ալեքսանյանն ասաց, որ երեկ տարածվել այդ ձայնագրության ամբողջական տարբերակը. «Պարոն Չարչյանի կողմից տրված ձեւակերպումները, մասնավորապես՝ անկախ այն հանգամանքից, թե աշխատակիցներն ում օգտին կքվեարկեն, ռեպրեսիա չի լինելու. արդյոք այդ հայտարարության մեջ մենք կարո՞ղ ենք փաստել, որ կա հարկադրանք։ Մինչեւ «պահանջ» բառը կա «խնդրանք, հորդոր» բառերը, խոսքը գնում է քաղաքացիական պարտքի դրսեւորման մասին»։

Ըստ նրա՝ դատարանի այս որոշումն աղերս չունի իրավաբանության հետ. «Մենք միանգամից ձեռնամուխ ենք լինելու՝ այն բողոքարկելու»։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ