Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստոի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ապա խնդրեց ՊԵկ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացնել նոր թվերը:
Վերջինս ասաց. «2021-ի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված զրոից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար: Այս ցուցանիշն աննախադեպ է եւ գերազանցել է 2020-ի սեպտեմբերի ընթացքում արձանագրված ամենաբարձր՝ 632 հազար ցուցանիշին:
Այս ցուցանիշը ավել է 2018-2020 թվականների ցուցանիշներից: Մասնավորապես, 2020-ի մայիսի ցուցանիշից ավելի է 34 հազարով, 2019-ի մայիսի համեմատ 37 հազարով, իսկ 2018-ի համեմատ՝ 87 հազարով: Աճել է նաեւ բոլոր հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134,7 մլրդ դրամ, եւ 22 մլրդ, 25 մլրդ եւ 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 եւ 2018 թվականների ցուցանիշները»:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ մայիսին ունենք 86 962-ով կամ 15 տոկոսով ավելի շատ աշխատատեղ, քան 2018-ի մայիսին. «Աշխատավարձերի ֆոնդը 2018-ի մայիսի համեմատ աճել է 38 մլրդ դրամով, կամ 39 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35 714 դրամով կամ 20,2 տոկոսով»:
Վարչապետի պաշտոնակատարը նաեւ նշեց, որ շինարարության ոլորտում աճ կա եւ այս ոլորտում աշխատատեղերի աճ է նկատվում: «Նաեւ զբոսաշրջության ոլորտում դանդաղ, բայց հաստատուն աճ ունենք: Նաեւ հանրային սննդի ոլորտում է հաջորդ ամենամեծ խոշոր սեգմենտը, որտեղ աշխատատեղերի աճ ունենք»: