News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Կանադան իրավասու չէ զեկույցներ ներկայացնել կամ կարծիք հայտնել 2020 թվականի հունվարին Թեհրանի մոտակայքում ուկրաինական ինքնաթիռի վթարի մասին: Այս մասին ուրբաթ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մոհսեն Բահարվանդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե Կանադայի նման անօրինական գործողությունները սովորական դառնան, ապա դա հարված կհասցնի բոլոր երկրներին, քաղաքացիական ավիացիային,- Իրանի արտաքին գործերի փոխնախարարի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը:- Բացի այդ, կանադական զեկույցի այն մասը, որը քննադատում է աղետի տեխնիկական կողմի վերաբերյալ իրանական զեկույցը, անհիմն ու անընդունելի է»:

«Պատկերացրեք, որ յուրաքանչյուր միջադեպի դեպքում երկրները անտեսեն հետաքննության կանոններն ու արձանագրությունները եւ փորձեն քաղաքական ճնշում գործադրել այն երկրի վրա, որտեղ տեղի է ունեցել միջադեպը,- ասել է Բահարվանդը:- Լրատվամիջոցներում եւ քաղաքական ոլորտում շահարկումների փոխարեն անհրաժեշտ էր իրանական կողմին նոր տեղեկատվություն տրամադրել դրա առկայության դեպքում»:

Կանադայի կառավարությունը նախօրեին զեկույց էր հրապարակվել Իրանում ինքնաթիռի կործանման մասին, որտեղ միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում են Իրանի իշխանությունները, եւ նրանք մեղադրվում են «անգործունակության» եւ «մարդկանց կյանքի նկատմամբ լիակատար անտարբերության» մեջ:

Ավելի վաղ՝ հունիսի սկզբին, Իրանի Գերագույն դատարանի ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին հայտարարել էր, որ Իրանը նախատեսում է ամբողջությամբ փոխհատուցում վճարել ուկրաինական ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվածների ընտանիքներին մինչ դատարանի որոշումը:
Նրա խոսքով՝ հետաքննության ընթացքում մանրակրկիտ քննարկվել են ինքնաթիռի կործանման գործի բոլոր ասպեկտները: 2020 թվականի դեկտեմբերին Իրանի իշխանությունները պայմանավորվել էին ուկրաինական ինքնաթիռի հետ կապված միջադեպի յուրաքանչյուր զոհի ընտանիքին 150 000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում վճարել:
Դրանից առաջ Իսմայիլին հայտնել էր, որ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանմանը մասնակցության մեջ կասկածվողների դատավարությունը տեղի կունենա մոտ ապագայում: 
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» «Բոինգ 737»-ը վթարի էր ենթարկվել 2020 թվականի հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Արդյունքում մահացել էր 176 մարդ՝ Աֆղանստանի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի եւ Ուկրաինայի քաղաքացիներ, ինչպես նաեւ՝ Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի քաղաքացիներ: Իր վերջնական տեխնիկական զեկույցում Թեհրանը նշել է, որ ինքնաթիռը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության օպերատորի սխալի պատճառով: Իրանական կողմը պնդում է, որ ինքնաթիռը պատահաբար որպես «թշնամու թիրախ» է ճանաչվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ