ԱԺ պատգամավոր Լուսինե Եգանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ պաշտոնական կայից։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– ասվում է ԱԺ նախագահի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Լուսինե Եգանյանը ընդամենը օրեր առաջ էր ստացել պատգամավորական մանդատը՝ հունիսի 18–ին։ Նա խորհրդարանում փոխարինում էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանին։