News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աջակցություն հեռավոր սահմանամերձ համայնքներում ապրող երեխաների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մշակութային հաստատությունների պաշտպանության եւ բնապահպանության մեջ համայնքային երիտասարդության ներգրավմանը. 4-5 համայնքների պետական հանրակրթական դպրոցներ կստանան համակարգչային սարքավորումներ, ըստ անհրաժեշտության՝ կապահովվի նաեւ համացանցի հասանելիություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հուշագիր են ստորագրել կրթության եւ մշակութային հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը հուշագրի ստորագրման ժամանակ շեշտել են նաեւ շրջակա միջավայրի պահպանության եւ բնապահպանական կրթության զարգացման կարեւորությունը, հուշարձանների պահպանության գործում համայնքային երիտասարդական խմբերի ներգրավվածությունը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «Կոնվերս» բանկին` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ նորարար նախաձեռնությունների համար. «Ցանկացած հարցի խորքային լուծումը սկսվում է կրթությունից: Բարեփոխման փուլում գտնվող հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչներում շեշտված են բնապահպանական եւ շրջակա միջավայրի ճանաչողության խնդիրները: Բնապահպանական, շրջակա միջավայրի, ինչպես նաեւ մշակութային արժեքների պահպանությանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումն ամբողջապես համահունչ է պետական քաղաքականության առաջնահերթություններին»:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով` նոր կրթական չափորոշիչներում մեծ տեղ է տրվում նաեւ սովորողի հմտություններին` զուգահեռաբար կարեւորելով  արժեքների ձեւավորումը` գիտելիքի ձեռքբերմանը համընթաց:

«Մշակութային արժեքների պահպանման կամ ցանկացած այլ ծրագրի հաջողության հիմքում կարեւոր է ինչպես պետություն–մասնավոր գործընկերությունը, այնպես եւ առաջնահերթաբար համայնքային ներգրավվածությունը: Երբ սովորողը, երիտասարդն իր ձեռքով ծառ է տնկում իր համայնքի որեւէ հուշարձանի հարեւանությամբ,  նրա մոտ սեփականության զգացում է ձեւավորվում, եւ հետագայում, վստահաբար, նա սրտացավորեն հոգ է տանելու դրա պահպանության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը` ավելացնելով, որ հայրենաճանաչությունը քաղաքացու ձեւավորման գլխավոր եւ կայուն հենքն է:

«Բնապահպանական եւ կրթության, այդ թվում՝ էկոկրթության զարգացմանն ուղղված աջակցությունը մշտապես եղել է «Կոնվերս» բանկի ուշադրության կենտրոնում: Այդ ոլորտում հաջողված նախագծերի իրականացման փորձ ունենք թե՛ առանձին, թե՛ տարբեր հասարակական, պետական կառույցների հետ գործակցության շրջանակում, քանի որ մասնավոր-հանրային-պետական եռաչափ կամ երկչափ համագործակցությունը տալիս է աշխատանքի ավելի լայն ու ընդգրկուն հնարավորություններ, հաջողված ծրագրերի իրականացման նոր հորիզոններ է բացում: Վստահ ենք, որ ԿԳՄՍ նախարարության հետ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ ու շարունակական: Ու դրա շնորհիվ մենք համատեղ ուժերով կստեղծենք երկարաժամկետ, արժեքավոր արդյունք»,- նշել է «Կոնվերս» բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը:

Հուշագրով նախատեսվում է մարզային բնակավայրերի երիտասարդների էկոլոգիական կրթությանը, մշակութային հուշարձանների պահպանությանն ու հայրենաճանաչության խթանմանն ուղղված մի շարք համատեղ միջոցառումների իրականացում: Կկազմակերպվեն ոչ ֆորմալ կրթության եւ մասնագիտական կողմնորոշմանը միտված մի շարք միջոցառումներ, կլինեն հանդիպումներ մշակույթի, սպորտի, գիտության ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձանց հետ:

Յուրաքանչյուր տարի 4-5 մարզում՝ հուշարձաններին, եկեղեցիներին հարող կամ հանրային այլ վայրերում կկատարվեն մաքրման եւ դրանց շուրջ կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներ, որոնցում կներգրավվեն նաեւ բուհերի մասնագիտացված ֆակուլտետների ուսանողները: Կկազմակերպվեն փոխադարձ ճանաչողական միջմարզային այցեր, ինչպես նաեւ մասնակի կփոխհատուցվի 3 ակտիվ մասնակիցների բուհական եւ միջին մասնագիտական կրթության առաջին տարվա ուսման վարձը:

Նշված միջոցառումներում կներգրավվեն բանկի կողմից մրցութային հիմունքներով ընտրված եւ նախարարության կողմից հաստատված սահմանամերձ համայնքների պետական հանրակրթական դպրոցները ( 9-12-րդ դասարանների աշակերտները):

Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու է բանկը: Միաժամանակ կողմերը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով եւս համագործակցելու պատրաստակամություն են հայտնում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Տպել
Ամենաշատ